Չղջիկներից մեկ այլ կենդանու միջոցով մարդուն COVID-19 վիրուսի փոխանցումը ամենահավանական սցենարն է: Այս մասին ասվում է ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ հետազոտության մեջ, հայտնում է AP-ն՝ հղում անելով զեկույցի նախագծին:

Նշվում է, որ լաբորատորիայից վիրուսի արտահոսքը «ծայրահեղ քիչ հավանական է»: Ստացված տվյալները նոր պատկերացում չեն տալիս այն մասին, թե ինչպես է առաջին անգամ վիրուսը հայտնվել, եւ շատ հարցեր անպատասխան են մնում, թեեւ դա սպասելի էր: Սակայն զեկույցում ավելի մանրամասն տեղեկատվություն կա հետազոտողների եզրակացությունների հիմքում ընկած պատճառների վերաբերյալ: Թիմը առաջարկել է հետագա հետազոտություններ կատարել բոլոր ոլորտներում, բացի լաբորատոր արտահոսքի վարկածից:

Զեկույցը, որը, ինչպես սպասվում է, կհրապարակվի մարտի 30-ին, գտնվում է ակնդետ ուշադրության ներքո, քանի որ վիրուսի ծագումը որոշելը կարող է օգնել գիտնականներին կանխել հետագա համավարակները:

«Մենք լուրջ մտահոգություններ ունենք այս զեկույցում օգտագործված մեթոդաբանության եւ գործընթացի վերաբերյալ, ներառյալ այն փաստը, որ Պեկինի կառավարությունն ակնհայտորեն օգնել է այն գրել»,- վերջերս CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Չինաստանը հերքել է այս ենթադրությունները: «ԱՄՆ-ը հանդես է եկել զեկույցի կապակցությամբ: ԱՄՆ-ը դրանով արդյոք չի՞ փորձում քաղաքական ճնշում գործադրել ԱՀԿ փորձագիտական խմբի անդամների վրա», հարց է ուղղել արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

Զեկույցը հիմնված է ԱՀԿ միջազգային փորձագետների խմբի Ուուհան կատարած այցի վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19-ը:

Հետազոտողները, ըստ հավանականության, թվարկել են SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջացման չորս սցենարներ: Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է չղջիկներից մեկ այլ կենդանու միջոցով փոխանցումը, ինչը, ըստ նրանց, շատ հավանական է: Նրանք հավանական են գնահատել չղջիկներից ուղղակի մարդկանց վրա տարածումը եւ նշել են, որ «սառը շղթայում» սննդի միջոցով տարածումը հնարավոր է, բայց քիչ հավանական:

Հայտնի է, որ չղջիկները կորոնավիրուսի փոխանցողներ են եւ, փաստորեն, չղջիկների մոտ է հայտնաբերվել է վիրուսի ամենամոտ ազգականը, որը COVID-19 է առաջացնում: Սակայն զեկույցում ասվում է, որ «այս չղջիկների վիրուսների եւ SARS-CoV-2-ի միջեւ էվոլյուցիոն հեռավորությունը գնահատվում է մի քանի տասնամյակ, ինչը վկայում է բացակայող օղակի մասին»:

Նշվում է, որ շատ նման վիրուսներ են հայտնաբերվել պանգոլինների մոտ, որոնք կաթնասունների այլ տեսակ են, իսկ ջրաքիսներն ու կատուները ընկալունակ են COVID-19 վիրուսի հանդեպ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք կարող են նաեւ կրողներ լինել:

Զեկույցի նախագծում վերջնական եզրակացություններ չկան այն ասին, թե արդյոք Ուհանի ծովամթերքի շուկայում բռնկում է սկսվել:

Շուկայում բռնկումից առաջ հիվանդության այլ դեպքերի հայտնաբերումը թույլ է տալիս ենթադրել, որ այն կարող է սկսվել էլի ինչ-որ տեղ: Բայց զեկույցում նշվում է, որ կարող են լինել ավելի մեղմ դեպքեր, որոնք աննկատ են մնացել:

«Հետեւաբար, ներկայումս հնարավոր չէ միանշանակ եզրակացություն անել Ուհանի շուկայի դերի մասին՝ բռնկման աղբյուրի կամ այն առումով, թե ինչպես է վարակը մուտք գործել շուկա»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ «սառը շղթան», ինչպես հայտնի է, կարող է մեծ տարածություններով վիրուսի տարածման շարժիչ ուժ լինել, բայց կասկած կա, որ այս ռիսկն ավելի ցածր է, քան մարդուց մարդուն շնչառական վարակի դեպքում, եւ փորձագետների մեծ մասը համամիտ է դրա հետ։

Զեկույցում բերվում են մի քանի պատճառներ, թե ինչու հնարավոր չի համարվում Ուհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի հավանականությունը: Նման լաբորատոր դեպքեր հազվադեպ են լինում, իսկ Ուհանի լաբորատորիաները, որոնք աշխատում են կորոնավիրուսների եւ պատվաստանյութերի ուղղությամբ, լավ են կառավարվում: Մինչեւ 2019 թվականի դեկտեմբերը ոչ մի լաբորատորիայում չեն գրանցվել վիրուսներ, որոնք սերտորեն կապված են SARS-CoV-2-ի հետ: