Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վճիռ է կայացվել 13 ադրբեջանցիների մասին, ովքեր մասնակցել են ամերիկյան ուժերի դեմ ռազմական գործողություններում եւ համագործակցել են աֆղանական եւ պակիստանյան ապօրինի զինված խմբավորումների հետ։
Դատարանը վճիռ է կայացրել նրանց ազատազրկել մեկուկեսից մինչեւ վեց տարի ժամկետով,- հայտնում է Trend News-ը։ Միեւնույն ժամանակ, կալանքի ժամկետը դատապարտված բոլոր անձանց համար, բացի մեկից (Վուգար Հուսեյնով), համարվել է իբրեւ պատժի կրման ժամանակահատված, եւ նրանց անհապաղ ազատ են արձակել դատարանի դահլիճից։
Հարկ է նշել, որ նրանցից երկուսին՝ Վուգար Հուսեյնովին եւ Ռաուֆ Աբդուլլաեւին, մեղադրանք է ներկայացվել, որ նրանք ուսուցում են անցել թալիբների ռազմական ճամբարներում եւ մասնակցել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն ուժերի դեմ ռազմական գործողություններին։ Նրանք ձերբակալվել էին այս տարվա հունվարին Ադրբեջան վերադառնալուց հետո։ Ըստ հետաքննության նյութերի, ապօրինի զինված խմբավորումների անդամները պատրաստություն են անցել Իրանում։
2005-2008թթ. մեղադրյալները ժամանակ առ ժամանակ Իրանի Զահիդանից անցել են Պակիստան, այնտեղից էլ Աֆղանստան։ Նրանք կռվել են «Թուրքական ջամաեեթներ», «Ուզբեկական ջամաեեթներ», «Ջեյշուլ Մեդի» եւ «Թալիբան» շարժման այլ կազմավորումներում։
Ինչպես հայտնում է «Կավկազկի ուզելը», մեղադրյալներից մի քանիսն իրենց մեղավոր են ճանաչել։ Մասնավորապես Արազ Կենգերլին, որին դատապարտել են երկու տարվա պայմանական ազատազրկման, իր ելույթում նշել է, որ «կրոնի թշնամիները դեմ են գնում Ալլահին, ագրեսիա են իրականացնում մահմեդականնների դեմ»։ Ղուրանում գրված է. «Կռվեք նրանց դեմ, ովքեր կռվում են Ալլահի դեմ։ Դրա համար էլ մենք Աֆղանստան էինք գնացել մահմեդականներին պաշտպանելու համար»։




























