Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն ասել է, որ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ծեծված լրագրողների հետ համերաշխության հանրահավաքը ավարտվել է, իրավապահները ապահովում են մասնակիցների անվտանգ դուրսբերումը տարածքից, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»:

«Մենք բանակցություններ ենք վարել երկու կողմերի հետ, հետեւաբար, գործողությունն ավարտվել է, եւ առաջին հերթին խորհրդարանին հարող տարածքում գտնվող մարդիկ անվտանգ կհեռանան տարածքից: Մենք դա ապահովում ենք: Ոստիկանությունն ամեն ինչ անում է խաղաղ միջավայրում առանց ուժի կիրառման իրավիճակը կարգավորելու համար, հավատացեք, այդպես էլ կա, ամեն ինչ շատ խաղաղ կավարտվի»,- լրագրողներին ասել է Սիրաձեն:

Ոստիկանության շրջանում կան բազմաթիվ տուժածներ՝ արմատական խմբավորումների անդամների կողմից հարձակումների հետեւանքով, որոնք քարեր են նետել աշխատակիցների վրա:

Ոստիկանությունը դիմել է բոլոր լրագրողներին՝ պահանջելով լքել հատուկ գործողության տարածքը: Ռուսթավելի պողոտայում մնում են միայն ոստիկանության ներկայացուցիչները եւ հակացույցի մասնակիցները, ովքեր հրաժարվում են հեռանալ եւ դիմադրում են:

Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց անցկացվել է լռության հանրահավաք՝ քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր համերաշխություն են հայտնել տուժած ավելի քան 50 լրագրողներին՝ սեռական փոքրամասնությունների հակառակորդների ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: