Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկուն նոր մեղադրանքներ են առաջադրվել։ Ինչպես հայտնում է Utro.ru-ն, բրիտանացի դերասանուհի Շառլոտա Լյուիսը հավաստիացնում է, որ Փարիզում 16 տարեկան հասակում ռեժիսորի կողմից բռնության է ենթարկվել։

Այս տեղեկատվության հրապարակումից հետո հայտնի դերասան Մայքլ Դուգլասը հրաժարվել է ստորագրել Ռոման Պոլանսկուն պաշտպանելու խնդրագիրը։

76-ամյա կինոռեժիսորը ԱՄՆ իշխանությունների պահանջով Շվեյցարիայում ձերբակալվել էր 2009 թվականի սեպտեմբերի 26-ին։

Պոլանսկուն մեղադրում են 1978 թվականին 13-ամյա աղջկա հետ սեքսուալ կապ ունենալու համար։ Նա հրեական ծագում ունեցող, Լեհաստանում մեծացած փարիզաբնակ է։ Պոլանսկին համարվում է 20-րդ դարի երկրորդ կեսի մեծագույն կինեմատոգրաֆիստներից մեկը։ Նա տարբեր ժամանակներում մի շարք մրցանակների է արժանացել՝ «Արմավենու ոսկե ճյուղի»՝ Կաննում, «Ոսկե արջի»՝ Բեռլինում, «Ոսկե առյուծի»՝ Վենետիկի կինոփառատոնում, ինչպես նաեւ «Օսկարի», «Սեզարի», «Ոսկե գլոբուսի» եւ այլ մրցանակների։