Մայիսի 13-ին Հայաստանում կմեկնարկի Զբոսաշրջության միջոցառումների տասնօրյակը, որի նպատակն է խթանել երկրի զբոսաշրջային ուղղությունները, ձեռք բերել համագործակցության եւ փորձի փոխանակման նոր հնարավորություններ, վեր հանել եւ քննարկել ոլորտի արդի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, ինչպես նաեւ հանրությանը ներկայացնել զբոսաշրջային նոր արդյունքը:
Հայաստանում զբոսաշրջության միջոցառումների տասնօրյակը կանցկացվի առաջին անգամ: Նախաձեռնությունը կազմակերպված է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո եւ ոլորտի ասոցիացիաների համագործակցությամբ:
Նախաձեռնության շրջանակներում տեղի կունենան զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում` Հայաստանի զբոսաշրջության մրցունակության 4-րդ համաժողովը, «CTS 2010» միջազգային զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսը եւ Հայաստանի մասին «Polaris» իտալերեն անդրանիկ ուղեցույցի շնորհանդեսը: Տեղական եւ տարածաշրջանի զբոսաշրջային ընկերությունների համար կանցկացվեն թեմատիկ սեմինարներ եւ դասընթացներ, ոլորտի խնդիրների շուրջ կկազմակերպվեն քննարկումներ` ԱԺ պատգամավորների եւ համապատասխան նախարարությունների մասնակցությամբ:
Զբոսաշրջության միջոցառումների տասնօրյակին կմասնակցեն ուսումնական, զբոսաշրջային, հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ այլ երկրներից:




























