«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող 3-րդ ամենամյա DigiTec Business համաժողովը տեղի կունենա հունիսի 9-10-ը՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
Համաժողովի հիմնական նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման համար։ 3-րդ ամենամյա DigiTec Business համաժողովին ակնկալվում է լայն միջազգային մասնակցություն DigiTec Business-ին, մասնավորապես` Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրներից, այդ թվում` Բուլղարիայից, Ալբանիայից, Կոսովոյից, Սերբիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից և Մոլդովայից։ «Հայաստանը հետզհետե դառնում է ավելի ու ավելի ճանաչելի՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջազգային արդյունաբերության մեջ: Մեր վարկանիշը` որպես ՏՀՏ ճանաչված կենտրոն, բարձրանում է, ինչը, իր հերթին, կխթանի ներդրումների հոսքը դեպի Հայաստանի ՏՀՏ ոլորտ»,- նշում է «UITE expo»-ի տնօրեն Վահան Հովսեփյանը:
Այս տարի նախատեսվում է մոտ 40 ընկերության մասնակցություն, որոնք ՏՀՏ լուծումներ կներկայացնեն ֆինանսաբանկային, հաճախորդների սպասարկման, հաշվապահության, կադրերի կառավարման, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային ուսուցման, վաճառքի և այլ ոլորտներում: Նշենք, որ նախորդ տարիներին համաժողովն ունեցել է մոտ 1500 բիզնես այցելու և 30 ՏՀՏ ընկերություն:




























