ԵԽ նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում ՀՀ ԱԳ Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Է. Նալբանդյանն այս առնչությամբ ասել է. «Հայաստանի նախագահի նախաձեռնությունն էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները և ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Այս դիրքորոշումը կիսում են միջնորդ և աջակից երկրները եւ ամբողջ միջազգային հանրությունը:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ եւ փաստորեն արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչև Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, և այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից»: