«Յուրաքանչյուր ոք անում է իր գործը: Եւ մենք որեւէ խնդիր չունենք հակադրվել գոյություն ունեցող որեւէ շարժման»,- այս կերպ է պատասխանել ՍԴՀԿ վարչության անդամ Վարդան Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հարցին, թե՝ գոյություն ունեցող շարժումներից ո՞ր մեկի այլընտանքն է իրենց նախաձեռնած շարժումը: Խոսքը նոր՝ «Ժողովրդա-հայրենասիրական ուժերի շարժման» մասին է, որի անդամներից է նաեւ Վ. Խաչատրյանը: NEWS.am-ի հարցին, թե՝ այս նոր շարժումը հասարակությանը կկարողանա՞ իր շուրջ համախմբել, Խաչատրյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր ոք, ով գործ է սկսում, հավակնում է, որ այդ գործը կունենա հաջողություն: Համենայն դեպս, այն մոտեցումը, որը որդեգրել է մեր շարժումը, մինչեւ այժմ ոչ ոք չի իրականացրել: Իսկ՝ հաջողությամբ կիրականացվի՞ այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը»:

Իսկ ե՞րբ ձեզ հասարակությունը կարող է տեսնել, այսպես ասած, ակտիվ գետնի վրա, հարցին էլ ՍԴՀԿ անդամը այսպես է պատասխանել. «Ակտիվ հողի վրա լինելը մի քիչ վատ բան է, մանավադ, եթե այդ հողը սկսում է վառվել ոտքերիդ տակ: Բայց, ամեն դեպքում, ես չեմ պատկերացնում, որ ինձ հետ երբեւէ ապաակտիվացում տեղի ունենա»: Ինչ վերաբերում է շարժման ակտիվանալուն, ապա, Խաչատրյանի խոսքով, այն արդեն ակտիվ վիճակում է: «Իսկ այդ ակտիվության դրսեւորումներին ականատես կլինենք տեսանելի ժամանակներում»,-ասել է Խաչատրյանը: