Հայ հեղափոխական դաշնակցությունը չի հանդիպելու աշխատանքային երկօրյա այցով Հայսատան ժամանած ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չաուշօղլուին։ Պատճառն այն է, որ Չաուշօղլուն չի այցելելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ։ NEWS.am-ը ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից հրաժարվելու միակ պատճառը դա է, թե՞ այլ պատճառներ էլ կան։ «Նախկինում էլ ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ։ Իսկ այս դեպքում ստացվում է, որ Չավուշօղլուն գալիս է Հայաստան ոչ թե որպես ԵԽԽՎ նախագահ, այլ որպես թուրք պաշտոնյա։ Սրանք տարբեր բաներ են, եւ մենք անհրաժեշտ չենք համարել նման հանդիպմանը մասնակցելը»,- ասաց Շահբազյանը։ NEWS.am-ը նրան հիշեցրել է, որ աշխատանքային այցի արարողակարգի մեջ պարտադիր չէ Ծիծեռնակաբերդ այցելությունը, ինչին պատգամավորը պատասխանել է. «Համոզված եմ, որ աշխատանքային այցն այն պատրվակն է, որը հնարավորություն է տվել նրան խուսափել Ծիծեռնակաբերդ այցելությունից»։ Հարցին, արդյո՞ք ճիշտ չէր լինի հանդիպել ԵԽԽՎ նախագահի հետ եւ նրան ներկայացնել ՀՅԴ տեսակետը ԼՂ խնդրի վերաբերյալ, Շահբազյանը պատասխանեց. «Ո՜չ, աշխարհը չի քանդվի, եւ լավ կլինի, որ բոլորը սովորեն մի քիչ ավելի արժանապատիվ լինել, մի քիչ ավելի պինդ լինել։ Կարելի է այս հարցում նաեւ թուրքերից սովորել՝ ազգային շահերը ամուր պաշտպանել եւ այդպիսի հարցերում լինել ավելի կոշտ»: Ա. Շահբազյանը ասել է նաեւ, որ եթե Չաուշօղլուն այցելեր Ծիծեռնակաբերդ, ապա ՀՅԴ-ն գուցե քննարկեր նրա հետ հանդիպելու հարցը։

Հիշեցնեք, որ ԵԽԽՎ նախագահ Մ.Չաուշօղլուն մտադիր է ղեկավարել ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը։