«Ես Վիկտոր Դալլաքյանի տղայի հարսանիքին չեմ եղել, որպեսզի ինչ-որ բան ասեմ։ Բայց եթե դա կոլեգայի տղայի հարսանիք է, և գնացել են, ապա… ամեն մեկն ինքն է որոշում՝ գնո՞ւմ է, թե՞ չի գնում։ Համենայն դեպս, ես չեմ կարծում, որ դա քաղաքական հարց է եւ պետք է քննարկել, թե որ մեկը ում հարսանիքում ինչ վարքագիծ է դրսեւորել, որովհետեւ մենք այդպես այնքա՜ն հեռու կգնանք…»,- այսօր՝ մայիսի 11-ին հրավիրված ասուլիսում, անդրադառնալով իր գործընկերոջ՝ Վիկտոր Դալլաքյանի որդու հարսանիքին՝ ասել է ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Հարսանիքին, որը տեղի է ունեցել անցած շաբաթ «Հարսնաքար» համալիրում, հրավիրված են եղել քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի փաստը, որ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է Վիկտոր Դալլաքյանի որդու հարսանիքին՝ Վ. Խաչատրյանն ասել է, թե յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ուր գնա եւ ինչ անի։ Նա նաեւ ասել է, թե ոչ մի վատ բան չի տեսնում այն բանում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է իր գործընկերոջ որդու հարսանիքին:
Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանը մի քանի ամիս առաջ հեռացվել էր «Ժառանգությունից», չնայած դեռ շարունակում է մնալ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ:




























