Հրապարակախոս Արամ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այսօր Գրողների միությունում քննարկում էր կազմակերպվել «Ոչխարաբուծության աղետալի հետեւանքները» թեմայով: Հանդիպմանը ներկա էին լրագրողներ, բնապահպաններ, Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ։
Բանախոս Արամ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ «ոչխարաբուծությունը չարիք է դարձել Հայաստանի համար եւ վնասում է բնապահպանությանը»:
«Ոչխարներն իրենց կճղակները խրում են հողի մեջ, հեռացնում հողի բերրի շերտը եւ խոտաբույսերն էլ ուտում են արմատներից , ինչը բերում է հողի էրոզիայի եւ ամայացնում կանաչ տարածքները»,- նշեց նա՝ առաջարկելով ոչխարաբուծության փոխարեն զարգացնել տավարաբուծությունն ու այծաբուծությունը, քանի որ դրանք բնապահպանական տեսանկյունից պակաս վնասակար են։
«Ես համոզված եմ, որ եթե կովերի գլխաքանակն ընդամենը 100 հազարով ավելացվի ու տեսակափոխություն կատարվի, մենք կդառնանք ինքաբավ երկիր գյուղատնտեսության ասպարեզում՝ կաթի, մսի արտադրությամբ»,- ասաց նա։
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի հավաստմամբ, որոշակի քանակով ոչխարագլուխ ունենալը նույնիսկ օգտակար է, քանի որ լեռնային մարզերում այն լուծում է սոցիալ-տնտեսական հարցեր։
«Ի՞նչ բնապահպանական խնդիրների մասին է խոսքը, եթե ընդամենը 540 հազար գլխաքանակ ոչխար կա եւ 1 մլն 100 հազար հեկտար արոտավայր, դրանից 500 հազար հա հողի վրա ընդհանրապես ոչխարի կճղակներ չեն երեւում»: Նա նաեւ նշեց, որ ներկայումս հնարավոր է ստանալ ոչխարի այնպիսի տեսակներ, որոնք կարող են սնվել մսուրային պայմաններում։
Աշոտ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ 2009 թվականից Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է տավարաբուծության մի շարք ծրագրեր։ Արտասահմանից ներկրվում են տավարի լավագույն տեսակներ։
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ ոչխարաբուծության շնորհիվ գյուղացին այսօր կարողանում է որոշակիորեն գումար վաստակել, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունից թանկ գներով ոչխարներ են գնում գյուղացիներից։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվար ամսվանից սկսած ոչխարներ են վաճառվում Իրանին։ Լուրեր են շրջանառվում, որ այդ բիզնեսով զբաղվում են հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ներկայումս հանրապետությունում 540 հազար ոչխարի գլխաքանակ կա, որոնց մոտ 40 տոկոսը պատկանում է եզդիներին։ Սակայն մոտակա ժամանակներում նախատեսվում է կրկնապատել այն՝ հասցնելով մինչեւ 1, 5 մլնի։




























