«Մենք չենք կարող բավարարվել նրանով, ինչ ունենք, եթե այսօր ամեն բան լավ է, վաղը կարող է վատ լինել, ուստի պետք է անընդհատ կատարելագործել մեր կազմակերպական, շտաբային կառուցվածքն ու զինանոցը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ հավելելով, որ սովորաբար բանակի զինանոցը 10 տարին մեկ անգամ պետք է փոխել, քանի որ այն հնանում է, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում եւ Հայաստանի բանակը, եւ Ադրբեջանի բանակը:

Այնուհետեւ, անդրադառնալով բանակի պայմանագրային դառնալու խնդրին, նա նշեց. «Դա հրաշալի կլիներ, քանի որ պրոֆեսիոնալ բանակն անհամեմատ ավելի մարտունակ է: Մենք հիմա գնում ենք այդ ճանապարհով, բայց դրա համար ֆինանսներ են պետք, որոնք դեռ բավարար չեն: Իհարկե ձեռնտու է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, որովհետեւ այդ դեպքում զինվորականները կիմանա իրենց գործը, իսկ այսօր մենք բանակ ենք զորակոչում 18-ամյա երիտասարդների եւ ստիպված ենք անընդհատ սովորեցնել: Իսկ պրոֆեսիոնալ բանակում կլինեն արդեն մասնագիտացած զինվորներ, որոնք կարող են ինքնաթիռներ վարել, զրահատեխնիկա օգտագործել եւ այլն»:

Հարցին, թե արդյո՞ք դրսի զինվորական ուսումնական հաստատություններում հայ զինվորների ստացած կրթությունը բավարարում է մեր պահանջներին, Գ. Դալիբալթայանը պատասխանեց. «Այո, Պաշտպանության նախարարությունը գոհ է նրանցից: Հիմնական պատրաստությունը կատարվում է Ռուսաստանի զինվորական ուսումնարաններում ու բուհերում: Մեզ շատ ավելի հեշտ է հասկանալ ու ընկալել ռուսական ռազմարվեստը, որը մեզ ծանոթ է, թեեւ բացի Ռուսաստանից, զինվորականներ են պատրաստվում նաեւ Հունաստանում, ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Ես շատ գոհ եմ նրաց ստացած ուսումից: Հիմա մենք բարձրագույն զինվորական կրթությամբ բավականին մարդիկ ունենք, որոնք կարող են անգամ գումարտակ ղեկավարել: Այս առումով խնդիրներ չունենք»: