Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության ակադեմիայի ուսանողի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. հունվարի 19-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Վ.Գ.-ն ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել ՀՀ ոստիկանության ակադեմիայի վարչական շենքի 5-րդ հարկի լսարաններից մեկի պատուհանից: «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում տղայի կյանքը հաջողվել է փրկել:

Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողներ, 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հ. Համբարձումյանը եւ կրտսեր սերժանտ Գ. Բարեյանը 2010թ. հունվարի 18-ից` մոտավորապես ժամը 23:30-ից սկսած, մինչեւ հունվարի 19-ի առավոտյան նույն կուրսի սովորող Վ.Գ.-ին ենթարկել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման, հարկադրել կատարել նրա պարտականությունների մեջ չմտնող, անպատվաբեր աշխատանքներ:

Չդիմանալով նվաստացմանը` Վ. Գ.-ն փորձել է ինքնասպանություն կատարել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Հ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել եւ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Բարեյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: