Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը կարեւոր է ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ինչպես հայտնում է Vesti.ru-ն, Մեդվեդեւի խոսքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնումը դժվար թեմա է։ «Մենք ամենայն լրջությամբ հետեւում ենք գործընթացին։ Հուսով ենք, որ արձանագրությունների ստորագրման տեսքով այդ գործընթացին Ցյուրիխում տրված դրական առաջընթացը շարունակական կլինի»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով, այս գործընթացը հեշտերից չէ եւ Հայաստանում ու Թուրքիայում տարբեր արձագանքներ է գտնում, քանի որ հասկանալի պատճառներով խնդիրը երկար ժամանակ չի լուծվել։ «Բայց ես ամեն դեպքում հուսով եմ, որ կողմերը վերջին հաշվով կհասնեն հարցի լուծմանը եւ ամբողջ ծավալով կվերականգնեն հարաբերությունները»,- ավելացրել է Մեդվեդեւը։
ՌԴ նախագահի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարագավորումը կարող է նպաստել տարածաշրջանային կայունացմանը եւ տնտեսական կապերի զարգացմանը։ «Այդ պատճառով էլ մենք ողջունում ենք այս գործընթացը եւ ուշադրությամբ հետեւելու ենք դրան»,- ամփոփել է Մեդվեդեւը։




























