Ռուսաստանյան իրավապահները կտրականապես հերքում են տեղեկությունը, թե «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի՝ «Յապոնչիկի» հուղարկավորությունը վերածվել է տարբեր երկրներից ժամանած քրեական հեղինակությունների «սխոդկայի»: Ինչպես հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ հետախուզական վարչության ղեկավար Իսկանդար Գալիմովը, եթե հուղարկավորության վայրում հայտնվեին հետախուզման մեջ գտնվող կամ հանցանքի մեջ կասկածվող անձինք, նրանց անմիջապես կձերբակալեին:

Ինչպես հաղոդրում է NEWSru.com կայքը՝ ըստ Գալիմովի, քրեական աշխարհի հետ կապված անձինք աշխատում էին իրենց վրա ուշադրություն սեւեռել եւ Վագանկովյան գերեզմանոց էին գալիս հիմնականում գիշերային ժամերին:

Իր հերթին «REGNUM» գործակալությունը հայտնում է, որ քր.օր-ում եւ քր.դատ.օր-ում փոփոխություններ կատարելուց հետո «օրենքով գողերին» ցմահ բանտարկություն է սպառնալու: Փաստաթղթերում նոր հանցանշաններ են հայտնվել՝ համակարգում, կազմակերպված խմբավորումներ միջեւ կայուն կապերի ստեղծում, ծրագրերի մշակում, հանցագործության պայմանների ստեղծում եւ այլն:

Հիշեցնենք, որ Վյաչեսլավ Իվանկովը հուղարկավորվել է հոկտեմբերի 13-ին, Վագանկովյան գերեզմանոցում՝ Մոսկվայում: Նա ամենաազդեցիկ քրեական հեղինակությունն էր, որ սպանվել է վերջին 15 տարվա ընթացքում: