Երեկ` մայիսի 11-ին, Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԵԽ նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին: Նախարարների կոմիտեի նիստին մասնակցում էին ԵԽ անդամ 47 երկրների, 5 դիտորդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները:
Օրակարգում ներառված էին ԵԽ գործունեության տարբեր ոլորտների հետ կապված հարցեր` Եվրոպայի խորհրդի բարեփոխումները, Եվրոպայի խորհուրդ-Եվրամիություն համագործակցությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետության բարձրացումը, այլ հարցեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նստաշրջանին ելույթ է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Իր ելույթում նա Հայաստանի աջակցությունն է հայտնել կազմակերպության բարեփոխումներին` նշելով, որ ՀՀ-ն կշարունակի ակտիվ մասնակցությունը կազմակերպության գործունեությանը, այդ թվում հավելյալ արժեք ստեղծող նախաձեռնությունների միջոցով: Այդ համատեքստում նախարարը տեղեկացրել է հոկտեմբերին ԵԽ հովանու ներքո Հայաստանում կայանալիք «Ժողովրդավարական ապագայի համար» համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Նախարար Նալբանդյանն ունեցել է նաեւ մի քանի երկկողմ հանդիպումներ: Ստրասբուրգ ժամանելուն պես` Էդվարդ Նալբանդյանն ուղևորվել է ԵԽ կենտրոնակայան, ուր հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ: Նրանք քննարկել են ԵԽ բարեփոխումների հեռանկարները, տարածաշրջանային հարցեր, խոսել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ, ինչպես նաև անդրադարձ կատարել արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին:
Է. Նալբանդյանի և Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Զբոգարի հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության խորացման, մշակութային փոխանակումների ակտիվացման հնարավորությունները:
Նախարարները քննարկել են այս տարվա հոկտեմբերին Սլովենիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նախարար Զբոգարի բնորոշմամբ` Սլովենիայի նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն կստեղծի խորացնելու երկու երկրների հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական առումով` հաշվի առնելով, որ նախագահին ուղեկցելու է գործարարներ մեծ խումբ: Նրանք նաեւ մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ավարտելով այցելությունը Ստրասբուրգ` ՀՀ ԱԳ նախարարը ուղևորվել է Բրյուսել:




























