«Մենք համարում ենք, որ Եվրախորհրդի հաստատությունների գործունեությունը արդյունավետ չէ ստեղծված իրավիճակում: Մենք բավական խիստ քննադատության ենթարկեցինք ԵԽ կառույցն ամբողջությամբ: Քննադատեցինք նաեւ ԵԽ-ի կողմից ուղարկվող առաքելություններին, որոնք դիտարկում են Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները: Մենք համարում ենք, որ այդ առաքելությունների աշխատանքն ապարդյուն է անցնում»,- «Էրեբունի -պլազա» հյուրանոցում ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրանից բացի ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներ Վլադիմիր Կարապետյանն եւ Ավետիս Ավագյանը: Կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց քննադատությունը հիմնավորելու համար, որպես օրինակ՝ նշել են Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած վերջին` 1677 բանաձեւը: «Թեեւ բանաձեւն ընդունվել է մեկ տարի առաջ, սակայն այդ օրվանից ոչինչ չի փոխվել»,-ասաց Լ. Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողի հավաստմամբ`թուրք պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացման հարցը: «Մենք դեմ ենք ԼՂ հարցի քննարկումներին ԵԽ-ում: Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահությամբ անցկացվող բանակցություններն ամենաօպտիմալն են, եւ ցանկացած փորձ` կազմակերպել ալտերնատիվ բանակցություններ կամ քննարկումներ այս թեմայով` միայն ապակառուցողական արդյունք է ունենալու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լ. Զուրաբյանը:

Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաեւ քաղբանտարկյալների մասին: ԵԽԽՎ նախագահը խոստացել է ՀԱԿ ուղերձները փոխանցել համապատասխան ատյաններին:

Կոնգրեսի ներկայացուցիչները նաեւ հարցրել են Մ. Չավուշօղլուին, թե ինչու չի գնացել Ծիծեռնակաբերդ, ինչին ի պատասխան վերջինս ասել է, թե դա արարողակարգային պահանջ չէ: «Նրա բացատրությունն այն է, որ նման պրոտոկոլ չի կիրառվել ԵԽԽՎ որեւէ այլ նախագահի նկատմամբ, եւ ինքն ընտրել է այն, ինչ ընտրել է»,- Չավուշօղլուի բացատրությունը փոխանցեց Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ Չաուշօղլուն հանդիպել էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: