Այսօր մարտի 1-ի 10 զոհերի հարազատները հավաքվել էին ԵԽ երեւանյան գրասենյակի դիմաց: Նրանց ողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց պարզել` Հայաստանում երկօրյա այցով գտնվող ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն վաղն իրենց կընդո՞ւնի, թե՞ ոչ: Որեւէ հստակ պատասխան այս առթիվ ԵԽ գրասենյակից ստանալ չհաջողվեց: Զոհերի հարազատները գրավոր դիմում են պատրաստել Մեւլութ Չավուշօղլուի համար: Նրանք ԵԽԽՎ նախագահից պահանջում են հետամուտ լինել մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտմանը եւ չհավատալ իշխանությունների կեղծ բացատրություններին:

Վաղը ժամը 11.00-ին զոհերի հարազատները պատրաստվում են իրենց գրավոր դիմումը ներկայացնել ԵԽ երեւանյան գրասենյակ: Իսկ ժամը 15.00-ին նախատեսել են ԵԽ գրասենյակի մոտ բողոքի ցույց անցկացնել: Ցույցը տեղի չի ունենա, եթե մինչ այդ Մ. Չավուշօղլուն ընդունի եւ լսի նրանց: ԵԽ երեւանյան գրասենյակը զոհերի հարազատների պահանջը փոխանցել է ԵԽԽՎ նախագահին, սակայն հայտնի չէ` կկայանա՞ հանդիպումը, թե ոչ:

Նշենք, որ վաղը ԵԽԽՎ նախագահը հանդիպելու է նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: Այդ հանձնաժողովն է զբաղվում Մարտի 1-ի խորհրդարանական նախկին հանձնաժողովի եզրակացության ուղղությամբ մոնիտորինգ իրականացնելով: Այդ եզրակացության մեջ առկա են առաջարկություններ, որոնք կատարելու դեպքում կբացառվի մարտի 1-ի դեպքերի կրկնությունը հետագայում: