Այսօր` մայիսի 12-ին, լրանում է 16 տարին, ինչ հայ-ադրբեջանական պատերազմում հրադադար հաստատվեց: Ուղիղ 16 տարի առաջ այս օրը ավարտվեց Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը: Հրադադարի փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի ներկայացուցիչները: Այն ժամանակ Ադրբեջանը այն վիճակում չէր, որ կարողանար ընդդիմանալ ԼՂ ներկայացուցչի մասնակցությանը հրադադարի ստորագրմանը:

Շատերն են հիշում, որ թե ինչ հաղթական ժպիտ կար Սամվել Բաբայանի դեմքին, երբ նա Ղարաբաղի կողմից ստորագրում էր այդ փաստաթղթի տակ:

Հիմա, երբ հրադադարից անցել է 16 տարի, Ղարաբաղն այլեւս բանակցային գործընթացի մաս չէ. Նա դուրս մղվեց բանակցություններից 1998-ից հետո, երբ այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեց բանակցություններում ներկայացնել նաեւ ԼՂ շահերը: Այսօր, ցավոք, Ղարաբաղն անգամ պաշտոնապես տեղեկացված չէ, թե ինչ փաստաթուղթ է քննարկվում բանակցություններում: Դեռեւս մեկ ամիս առաջ, NEWS.am-ի թղթակցի հարցին, թե Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղ ժամանելիս տեղեկացնո՞ւմ են ԼՂՀ իշխանություններին բանակցային գործընթացի մասին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, սակայն, որ իրենք այդ մասին տեղեկանում են Սերժ Սարգսյանից: