Մայիսի 12-ին ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբի գործընթացում վերջին ժամանակներս բավական մեծ ակտիվություն կա: «Մենք շատ ակտիվ ենք եւ շատ ենք գրավված այդ խնդրով, կարող ենք ասել` այս գործընթացում ակտիվ զբաղվածություն ունենք մյուս երկու համանախագահների հետ միասին, այնպես ինչպես երկու երկրները, որ ներգրավված են գործընթացում», — ասել է Քեյդենաուն:
Նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս հանդիպումներից հետո ամերիկացի դիվանագետը լրագրողներին ասել է. «Իմ հիմնական ասելիքն այն էր, որ ԱՄՆ-ը շատ է հոգ տանում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին, եւ առաջ ենք նայում լավ ու արդյունավետ գործընկերություն ունենալու համար, որով միասին առաջ կշարժվենք մի շարք տարբեր լուրջ խնդիրների լուծման առումով»:



























