Շիրակի մարզում՝ Արփի լճի մոտակայքում, 2011 թվականին նախատեսվում է ազգային պարկ հիմնել։ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման գաղափարը Հայաստանի կառավարությանն է։ Նախագծի 2 մլն 200 հազար եվրոյի ֆինանսավորումը կապահովի Գերմանական Զարգացման բանկը։

Օրերս Ազգային պարկի տարածք է այցելել եւ դրա ստեղծման հեռանկարների մասին խոսել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նրա պնդմամբ, Շիրակի մարզում ազգային պարկի հիմնումը նպաստելու է այդ տարածքում կենսաբազմազանության ապահովմանը, ինչպես նաեւ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների պահպանության խնդիրը լուծելուն։ «Բացի այդ, այս տարածքում նախատեսում ենք համայնքային եւ սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացում, մասնավորապես 14 համայնքների խմելու ջրի հարցի լուծում, գործարար միջավայրի ստեղծում, մեղվապահության եւ անասնաբուծության զարգացում, ինչպես նաեւ վերամշակման փոքր արտադրամասերի հիմնում»,- նշել է նախարարը։

Արամ Հարությունյանն անդրադարձել է նաեւ տեղի անբարեկարգ ճանապարհների խնդրին՝ նկատելով, որ դրանք, անշուշտ, պետք է վերանորոգվեն։ «Էկոտուրիզմը ասֆալտապատ ճանապարհները չեն։ Մարդիկ սիրում են նման տեղեր այցելելիս բարձրանալ, իջնել, բնություն տեսնել։ Սակայն, ինչ խոսք, համաձայն եմ, որ ճանապարհները պետք է կարգավորվեն»,- ասել է նա։

Բնապահպանության նախարարի հետ «Արփի լիճ» ազգային պարկի տարածք է այցելել նաեւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխան Շմիդտը, ով ոգեւորությամբ նշել է, որ Շիրակի մարզի այս հատվածում էկոտուրիզմը զարգացնելու լավ հեռանկարներ կան։ «Միայն պետք է ճանապարհները վերակառուցել, իսկ դրա համար Գերմանական Զարգացման բանկը փորձում է գործընկերներ փնտրել»,- նշել է նա՝ կարեւորելով, որ ծրագիրը տարածաշրջանային է եւ բացի Հայաստանից, ներառում է նաեւ Վրաստանը եւ Թուրքիան։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս փաստի առնչությամբ նշել է, որ Վրաստանն արդեն իսկ միացել է ծրագրին. «Հույս ունենք, որ կմիանա նաեւ Թուրքիան։ Ցանկություն, հնարավորություն եւ նախնական քննարկումներ եղել են եւ կան, տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- նշել է նա։