Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 17-ին կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ դնում է իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնի համար:

Քըլըչդարօղլուն մամուլի ասուլիսին նշել է, որ մայիսի 22-23-ը անցկացվելիք կուսակցության հերթական 33-րդ համաժողովին ներկայացնելու է իր թեկնածությունը եւ ժողովրդի աջակցությունը ստանալու համար ամեն ինչ արդեն պատրաստել է: Քըլըչդարօղլուն հայտնել է, որ արդեն ներկայացրել է խորհրդարանական խմբակցության փոխնագահի պաշտոնից հրաժարվելու դիմումը:

Նշենք, որ Դենիզ Բայկալը մայիսի 14-ին հանդիպել էր Քըլըչդարօղլուի հետ:

Հիշեցնենք, որ թուրքական կայքերում հայտնվել էր տեսագրություն, որտեղ գաղտնի նկարահանված է Դենիզ Բայկալի եւ նրա կուսակցությունից կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջեւ ինտիմ կապից մի հատված: Հիշյալ տեսագրության հայտնվելուց 4 օր անց Բայկալը հրաժարական ներկայացրեց` մեղադրելով իր դեմ կազմակերպված սադրանքի մեջ իշխանություններին: