«Հայաստանը մի երկիր է , որին ճնշելու համար բավական է միայն ասել՝ դու ունես քաղբանտարկյալներ, երկիր, որի գլխին ցանկացած պահի կարող են տալ եւ զիջումներ պարտադրել»,- այսօր՝ մայիսի 18-ին հավիրված ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ միջազգային հանրությունը առաջիկայում ճնշումներ բանեցնի Հայաստանի եւ Թուրքիայի վրա՝ հայ-թուրքական գործընթացքում տեղաշարժ արձանագրելու համար։ Նախկին ԱԳ նախարարը հավելել է նաեւ. «Մի կողմից գործ ունենք Թուրքիայի հետ, ով դինամիկ զարգացող երկիր է, երկիր, որը հավակնություններ ունի դառնալ ոչ միայն Եվրամիության անդամ երկիր, այլ լուրջ դերակատարություն ունենալ։ Մյուս կողմից էլ Հայաստանն է, որը փոքր երկիր է ու երկու կողմից ենթարկվում է բլոկադայի, որում ապօրինի իշխանություններ են, որում խանություն է,ավազակապետություն, որտեղ կան քաղբանտարկյալներ»։

Ա. Արզումանյանն ասել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները այնքան ժամանակ չէին խոսում Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին, քանի դեռ իշխանություները խոնարհաբար կատարում էին նրանց հանձնարարականները։ Իսկ երբ սկսեցին վտանգել հայ-թուրքական գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց քաղբանտարկյալների մասին։ «Դա հետեւանք է Հայաստանում առկա գող, խուժան իշխանությունների»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։ Նա նաեւ հավելեց, թե Թուրքիան թաղեց հայ-թուրքական գործընթացը եւ մինչեւ հաջորդ ընտրություններ, որոնք պետք է տեղի ունենան Թուրքիայում, միջազգային հանրությունը չի անդրադառնալու հայ-թուրքական գործընթացին։ Լինելու են միայն գործընթացի վերաբերյալ հայտարարություններ, որոնցում գործածվելու են դիվանագիտական հետեւյալ կաղապարները՝ «ողջունում ենք», «ցավում ենք», «հույս ունենք»։ ՀԱԿ ներկայացուցիչը խոսել է նաեւ հայ-թուրքական գործընթացում հայկական եւ թուրքկական կողմերի ունեցած ձեռքբերումների եւ կորուստների մասին։ Հայկական կողմը, ըստ Արզումանյանի, ոչ մի բան չստացավ ֆուտբոլային դիվանագիտությունից, փոխարենը կասկածի տակ առավ Հայոց ցեղասպանության իրողությունը, իսկ թուրքական կողմը հնարավորություն ստացավ մասնակցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, ինչի մասին Թուրքիան երազում էր 12 տարիների ընթացքում։