Վերջին մեկ տարում Հայաստանում Կասպերսկու լաբորատորիայի արտադրանքի կիրառման ծավալները մեծացել են առնվազն երեք անգամ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանում Կասպերսկու լաբորատորիայի բիզնես գործընկեր Softline ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ 2008 թվականի համեմատ` 2009թվականին Հայաստանում Կասպերսկու լաբորատորիայի արտադրանքի իրացման ծավալները մեծացել են երեք անգամ։

«Կասպերսկու լաբորատորիայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2009 թվականին որեւէ այլ երկիր նման ցուցանիշ չի գրանցել` նախորդ տարվա հետ համեմատած»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ խոսքը վերաբերում է միայն նախորդ տարվա հետ համեմատությանը, իսկ ընդհանրապես բացարձակ ցուցանիշներով մի շարք երկրներ վաճառքի ծավալներով մի քանի տասնյակ անգամ գերազանցում են Հայաստանին, այդպիսի երկրների թվում են՝ Ուկրաինան, Ղազախստանը, Ռուսաստանը եւ այլն։

Ըստ Կարապետյանի՝ Հայաստանում Կասպերսկու լաբորատորիայի անվտանգության ծրագրերի կիրառության աճը պայմանավորված է հասարակության կողմից տեղեկատվական անվտանգության կարեւորության գիտակցության բարձրացմամբ, ինչպես նաեւ անվտանգության ծրագրերի մատչելիությամբ։

«Տարբեր ակցիաների միջոցով որոշ նպատակային խմբերի համար մենք փորձում ենք հասանելի դարձնել արտադրանքը, այնպես անել, որպեսզի իրական արտադրանքի գինը որքան հնարավոր է մոտ լինի կեղծված արտադրանքի գնին»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ անվտանգության գիտակցությունը արդեն գոյություն ունի հայ հանրության շրջանում, հետեւաբար անվտանգության ծրագրերի վաճառքի ծավալները գնալով մեծանում են։