Աֆրիկայի Տոգոյի մի բնակիչ խաբել է հայաստանցուն՝ նրանից 250 դոլար շորթելով:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1968 թ. ծնված Գեղամ Մաթեւոսյանն ու հայտնել, որ ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին Աֆրիկայի Տոգոյի Հանրապետության բնակիչ Ալբերտ Ագբեյումից իր բջջային հեռախոսի էլեկտրոնային փոստին ստացել է հաղորդագրություն: Նամակում աֆրիկացին հայտնել է, որ Մաթեւոսյանի ազգանունը համընկնում է իր նախկին գործատու, այժմ հանգուցյալ Լարա Մաթեւոսյանի ազգանվան հետ, որը բնակվել էր Տոգոյի Հանրապետությունում, եւ ներկայումս բանկում նրա հաշվին կա մոտ 17 մլն ԱՄՆ դոլար կարողություն եւ ինքը փնտրում է նրա ժառանգորդին` նշված գումարը նրան հանձնելու համար:

Մի քանի անգամ նույն փոստի միջոցով հաղորդակցվելուց հետո աֆրիկացին հայտնել է, որ ժառանգորդը կարող է լինել նաեւ Գեղամ Մաթեւոսյանը եւ փաստաթղթերի ձեւակերպման համար խաբեությամբ վերջինիցս պահանջել է 3 250 ԱՄՆ դոլար: Գեղամ Մաթեւոսյանը նրան մայիսի սկզբին «Կոնվերսբանկ» ՓԲԸ միջոցով 250 դոլար է ուղարկել: