Պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ մեզ մոտ էլեկտրաէներգիայի սակագները ցածր են։ Հիմնականում, որպես ապացույց, նշվում են զարգացած եվրոպական երկրների ցուցանիշները։ Բայց, չգիտես ինչու, նրանք «մոռանում» են մատնանշել աշխատավարձերի հսկայական տարբերությունը։

Այնպես որ, ավելի ճիշտ է համեմատություններ կատարել հետխորհրդային մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի հետ։ Նախ նշենք մի կարեւոր հանգամանք։ Ինչպես հայտնի է, ամենից «թանկ» էլեկտրաէներգիան արտադրում են ջերմային էլեկտրակայանները (ջէկ)։ Այսպիսով, որքան փոքր լինի ջեկերի մասնաբաժինը երկրի էներգետիկայի ոլորտում, այնքան «էժան» կլինի էլեկտրաէներգիան մեծածախ շուկայում։ Ահա մի օրինակ, նույն Ռուսաստանի համար, անցած տարվա ընթացքում հէկերում եւ աէկերում արտադրության աճը հանգեցրել է մեծածախ գների նվազման:

Ռուսաստանում ջէկերի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ նախորդ տարի կազմել է 60%։ Հայաստանում այս ցուցանիշն ավելի լավ է եղել՝ 41%։ Ստացվում է, որ մենք օբյեկտիվորեն պայմաններ ունենք համեմատաբար էժան էլեկտրաէներգիա արտադրելու համար։

Ի տարբերություն, ասենք, բնական գազի, մեզ մոտ էլեկտրաէներգիան ամբողջությամբ ապահովում են տեղական էլեկտրակայանները։ Եւ նույնիսկ արտահանվում է։ Ճիշտ է, բարտերային հիմունքներով եւ միայն Իրան՝ բնական գազի դիմաց։ Առաջին կիսամյակում, օրինակ, այս երկիր է արտահանվել գրեթե կես միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Ինչ վերաբերում է մանրածախ սակագների կոնկրետ համակարգին, ապա մեր երկրի եւ Ռուսաստանի միջեւ էական տարբերություն կա։ Հայաստանում ամբողջ բնակչության համար (բացառությամբ ֆինանսապես անապահով ընտանիքների) գործում է միասնական սակագին, որը բաժանված է ցերեկայինի եւ գիշերայինի։

Ռուսաստանում սակագնային համակարգը շատ ավելի բարդ է։ Այնտեղ գործում են միաչափ, երկչափ (նույն բաժանումով՝ ցերեկային եւ գիշերային) եւ բազմաչափ (ըստ օրվա գոտիների) սակագներ: Բացի այդ, նշված սակագները տարբերակված են բնակչության երեք խմբերի համար՝ քաղաքային բնակչության համար (I), առանձին՝ քաղաքային այն բնակիչների համար, ու մոտ տեղադրված են ստացիոնար էլեկտրական վառարաններ (II), եւ գյուղական բնակչության համար (III): Ճիշտ համեմատության համար կընտրենք էլեկտրաէներգիայի դիմաց վճարելու ռուսական երկչափ տարբերակը։ Այնուհետեւ, եկեք հաշվարկենք, թե Ռուսաստանում եւ Հայաստանում որքան էլեկտրաէներգիա կարելի է գնել, ասենք, աշխատավարձի դիմաց։

Ինչպես հայտնի է, մեր քաղաքացիները լուրջ կասկածներ ունեն միջին աշխատավարձի պաշտոնական տվյալների վերաբերյալ։ (Ինչպե՞ս է ինֆլյացիան ազդում ՀՀ քաղաքացիների ֆինանսական վիճակի վրա (news.am)) Ուստի համեմատությունների համար ավելի լավ է ընտրել հստակ ֆիքսված մեծություն՝ նվազագույն աշխատավարձը Հայաստանում եւ Ռուսաստանում։ Առավել եւս, մեզ մոտ այս դրույքաչափով շատ մարդիկ են աշխատում։ Այնպես որ, մեր հարցը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ քանի՞ կՎտ/ժ էլեկտրաէներգիա կարելի է գնել երկու երկրներում նվազագույն աշխատավարձով:

Ինչպես երեւում է հետեւյալ գրաֆիկից, Ռուսաստանում նվազագույն աշխատավարձով կարելի է քաղաքներում 1,2 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա գնել, քան մեր երկրում: Եթե մեր սակագինը (որը գործում է Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ գյուղերում) համեմատենք ռուսական գյուղերի սակագների հետ, ապա այդ հարաբերակցությունը բարձրանում է 1,8 անգամ։ Այն գյուղացիների համար, ովքեր ապրում են իրենց տնտեսությունից ստացված եկամտով, նվազագույն աշխատավարձը վերացական հասկացություն է։ Բայց այստեղ հետաքրքրականն այն արտոնություններն են, որոնք Ռուսաստանում տրամադրում են գյուղաբնակներին:

Կա խնդրի մեկ այլ կողմ։ Որոշ էլեկտրական սարքեր, օրինակ՝ սառնարանները (ինչպես նաեւ էլեկտրական տաքացուցիչները՝ ցուրտ եղանակին) օգտագործվում են նաեւ գիշերային ժամերին։ Բացի այդ, շատ սպառողներ խնայելու նպատակով որոշ էլեկտրական սարքեր (մասնավորապես՝ լվացքի մեքենաները) օգտագործում են գիշերային սակագնի ընթացքում։

Ուստի ցերեկային եւ գիշերային սակագների հարաբերակցությունը գումար խնայելու առումով այնքան էլ փոքր նշանակություն չունի։ Բայց այստեղ էլ ռուսաստանցիներն ակնհայտ առավելություն ունեն մեր երկրի բնակիչների նկատմամբ։ Հայաստանում գիշերային սակագինը ցերեկայինից «էժան» է ընդամենը 1,3 անգամ, իսկ Ռուսաստանում՝ 2,6 անգամ (!):

Առանձին թեմա է սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման անվերջ ընդհատումները, որոնք կարող են շարքից հանել բազմաթիվ սարքերի (սառնարաններ, հեռուստացույցներ եւ այլն) էլեկտրոնային մասը։ Բացի այդ, շատ սպառողներ կասկածում են ծախսած էլեկտրաէներգիայի համար իրենց ներկայացված վճարների օբյեկտիվությանը։ Բայց, թեեւ այս հարցերը չեն լուծվում, էլեկտրաէներգիան հաջորդ տարի կարող է թանկանալ...

Վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարն ասել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցը քննարկման փուլում է։ Սակայն եթե սահմանին ռուսական բնական գազի գինը չթանկանա, ապա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման օբյեկտիվ պատճառներ պարզապես չեն լինի։

Հասկանալի է, որ եթե էլեկտրաէներգիան թանկանա, ապա կհետեւի գների շղթայական ռեակցիա, եւ երկրում ինֆլյացիան կմտնի աճի նոր փուլ։ Սա իր հերթին կբերի բնակչության կենսամակարդակի հետագա անկման, հատկապես նրա անապահով խավերի համար։

Սմբատ Գրիգորյան