Երեւանում հուլիսի 11-15-ին կայանում է ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի լիագումար նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նպատակով Հայաստան են ժամանել «Էգմոնտ» խմբի ներկայացուցիչները` նախագահ Բոուդվին Վերհելստի գլխավորությամբ, որոնց ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տ. Սարգսյանը նշել է. «Ուրախ եմ, որ «Էգմոնտ» խումբն իր հերթական նիստը որոշել է անցկացնել Հայաստանում: Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում ընդունել բազմաթիվ երկրների պատվիրակություններ, քննարկել ֆինանսական հետախուզության մարմինների առջեւ ծառացած խնդիրները, առկա պրոբլեմները եւ հետագա անելիքները: Հայաստանը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, եւ համոզված ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն այսօր համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին: Հայաստանի իշխանությունները մշտապես մեծ ուշադրություն են դարձրել փողերի լվացման խնդիրներին, եւ մեր երկրի վարկանիշն այդ տեսակետից միշտ համարվել է բարվոք»:

Բոուդվին Վերհելստը ներկայացրել է «Էգմոնտ» խմբի գործունեության ուղղությունները: Նա անդրադարձել է կառույցի ընթացիկ լիագումար նիստում քննարկվող հարցերին, մասնավորապես, առկա մարտահրավերներին, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման միասնական ցանցի ձեւավորման հեռանկարներին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ փորձի փոխանակումը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում կնպաստի  ֆինանսական հետախուզության անդամ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը: