Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն հաստատել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից Երեւան այցելելու հրավեր ստանալու փաստը:

Ինչպես հայտնում է 1news.az-ը, Փաշազադեն նշել է, թե առայժմ այդ կապակցությամբ որեւէ որոշում չի կայացվել, սակայն առաջիկայում ինքը կհանդիպի Ռուսիո պատրիաք Կիրիլի հետ, ինչից հետո կհայտնի իր դիրքորոշումը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսական ուղղափառ եկեղեցին պատրաստում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության` Երեւանում կայանալիք նիստը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։

«Դա Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի պատմական այցն է լինելու Հայաստան, այնպես, ինչպես Գարեգին Երկրորդը ժամանել էր Բաքու»,- հայտարարել է Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ռոման Սիլանտեւը։