Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը օրերս հայտարարել էր, որ տնտեսության ոլորտում այս տարվա համար տեսնում է զարգացումների 3 սցենար, որոնցից ամենալավատեսականը ենթադրում է ՀՆԱ 9,5 տոկոսի անկում։ Նա չբացառեց նաեւ ՀՆԱ-ի 16 եւ նույնիսկ 20 տոկոս անկման հնարավորությունը։
Այս կապակցությամբ, News.am-ը զրուցել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանի հետ:
Պ-րն Նռանյան, ինչպե՞ս եք գնահատում տարեկան տնտեսական անկման վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջ քաշած 3 սցենարները: Դրանիցի ո՞րն եք ավելի իրատեսական համարում եւ ինչու:
Գուցե Հայաստանի համար այս տոկոսները շատ ավելի մեծ են, եւ զարգացած երկրներում այդ անկումը շատ ավելի ցածր է, բայց մյուս կողմից ՀՀ տնտեսությունում այս անկումն օրինաչափ է, որը պայմանավորված է երկրի տնտեսության ոչ արդյունավետ եւ ոչ ճիշտ տնտեսական կառուցվածքով: Այս առումով, նման անկումն ինձ չի զարմացնում, ուղղակի ճգնաժամն ավելի սուր ձեւով ցույց տվեց այն բացթողումները, որոնք կային մեր տնտեսության մեջ մինչեւ ճգնաժամը:
Ինչ վերաբերում է անկման թվին, ապա այն իսկապես մեծ է, ու ես չեմ կարծում, թե ՀՆԱ անկումը կարող է 10 տոկոսից քիչ լինել: Բայց ինձ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ ոչ թե տնտեսական անկման թվային տվյալները, այլ այն, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունը այդ սցենարներից յուրաքանչյուրի դեպքում: Այս առումով տեղեկատվությունը բավարար չի:
Ասեմ նաեւ, որ եկող տարվա համար հնչում են լավատեսական կանխատեսումներ, որոնք ես չեմ կիսում: Կարծում եմ, որ 2010-ը գուցե ավելի դժվար լինի Հայաստանի համար, քանի որ տնտեսական զարգացում ապահովելու առումով խնդիրները դեռ առջեւում են: Այսօրվա տնտեսական քաղաքականությամբ կառավարությունը փորձում է պարզապես ժամանակ ձգել` հուսալով, որ համաշխարհային տնտեսական անկումը կհաղթահարվի եւ դա դրական ազդեցություն կունենա նաեւ մեր երկրի վրա: Այնինչ մենք պետք է ոչ թե ժամանակ ձգենք ու սպասենք, այլ կառուցվածքային փոփոխություններ անենք:
Այսինքն Դուք այնքան էլ հակված չեք, որ տնտեսական անկումը կհասնի 20 տոկոսի եւ կարծում եք, որ այն 10 տոկոսի սահմանո՞ւմ կլինի:
Չեմ զարմանա, եթե անկումը մինչեւ 20 տոկոս էլ հասնի, որովհետեւ Հայաստանի տնտեսության կառուցվածքում աճն ապահովել են շինարարությունն ու հանքարդյունաբերությունը, իսկ այսօր դրանք անկման են ապրում: Այդ ոլորտներն ապահովել են արտահանումն ու դոլարի ներհոսքը երկիր, իսկ մասնավոր տրանսֆերտներով ֆինանսավորել ենք առեւտրային դեֆիցիտը: Այսօր այս երկու ոլորտում որեւէ դրական միտում չկա. Հանքարդյունաբերական հումքի գները շատ ցածր են, իսկ շինարարությունը կանգնած է, անշարժ գույքի գներն էլ ընկնում են: Դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք տնտեսական կառուցվածքում փոփոխությունների գնալ:
Վարչապետը հայտարարել է նաեւ, որ պետք է դիվերսիֆիկացնել տնտեսության կառուցվածքը, որը բավականին ուշացած է: Եթե ժամանակին դա կատարած լինեինք, շատ ավելի մեղմ կկարողանայինք հաղթահարել ճգնաժամը:
Տ. Սարգսյանը շեշտել է նաեւ, որ ներկա պայմաններում իրենք չեն կրճատելու բյուջեի ծախսերը եւ դրանք ֆինանսավորելու են բյուջետային դեֆիցիտը աավելացնելով ու հասցնելով 7,5 տոկոսի: Արդյո՞ք դա լավագույն լուծումն է:
Դեռեւս այն ժամանակ, երբ կառավարությունը հայտարարում էր, թե պետք է բյուջետային ծախսերը որոշ չափով կրճատել, ՀՅԴ խմբակցությունը քննադատել է ծախսերի կրճատման քաղաքականությունը, քանի որ այդ դեպքում մենք ավելի ենք խորացնելու ներքին տնտեսական ճգնաժամը: Բանն այն, որ ճգնաժամը հանգեցրել է գնողունակ պահանջարկի անկման, իսկ եթե պետությունը բյուջետային ծախսերը չկատարի, նա ավելի է խորացնելու այդ պահանջարկի անկումը: Մենք ուրախ ենք, որ կառավարությունը մի քանի ամիս անց եկավ մեր տեսակետին, որ պետք է բյուջետային դեֆիցիտը ավելացնելու հաշվին կատարել այդ ծախսերը:
Իսկ որ դա կատարվում է արտաքին վարկային միջոցների հաշվին, եւ ՀՀ արտաքին պարտքը ահռելի չափերի է հասնում, դա մտավախություն չի՞առաջացնում:
Հարցն ունի երկու կողմ. Մի կողմից աներկբա է, որ պետք է վարկային միջոցներ բերել դրսից եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացնել տնտեսության մեջ: Մյուս կողմից, եթե մենք այդ գումարները բերում ենք ընդամենը այս պահին դեֆիցիտը փակելու, գումարների պակասը լրացնելու համար, իհարկե, այդ առումով, խնդիրներ ենք ունենալու: Այսինքն խնդիրը ոչ թե գումարները բերել-չբերելու մեջ է, այլ նրա, թե որքանով ենք արդյունավետ ծախսելու դրանք: Ցավոք, կառուցվածքային փոփոխությունների առումով փաստացի կատարվող գործողություններ չենք տեսնում:
Բազմիցս նշել ենք, որ ներմուծումը պետք է փոխարինվի տեղական արտադրանքով, որ դեռեւս 2008-ին ունեիք մոտ 4 անգամից ավելի ներմուծում, իսկ այս տարի ավելի վատ ցուցանիշ ենք ունենալու: Ի՞նչ ենք արել տեղական արտադրողի համար կամ նոր աշխատատեղեր ստեղծելու համար. Գրեթե ոչինչ: Այսինքն դրսից եկող գումարները պետք է ուղղենք այն ոլորտներ, որոնք կապահովեն տնտեսության իրական հատվածի զարգացում եւ կապահովեն նոր աշխատատեղեր:
Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկային միջոցների առյուծի բաժինն ուղղվելու է ԿԲ պահուստների համալրմանը, որոնք տարվա սկզբին ծախսվել էին դրամի փոխարժեքը պահելու համար: Որքանո՞վ է դա տեղավորվում Ձեր նշած արդյունավետ ծախսերի մեջ:
Տնտեսական քաղաքականության մեջ մենք առաջնորդվել ենք բացառապես մակրոտնտեսական կայության ցուցանիշով, բայց այդ մակրոտնտեսական թվերի ետեւում չենք տեսել մարդուն: Այսինքն միշտ հպարտացել ենք լավ թվերով, բայց դրանք իրական կյանքում իրական որակ ու մակարդակ չէին ապահովում: Ցավոք, մեր քաղաքականության առանցքը համարվում է բացառապես բանկային համակարգը, եւ տպավորություն է ստեղծվում, թե ողջ տնտեսությունն աշխատում է այդ համակարգի համար, այնինչ պետք է բանկային համակարգն ապահովեր տնտեսության նորմալ գործունեությունը: Պետք է հասկանալ, որ եթե մենք չունենանք իրական տնտեսություն, այդ բանկերն էլ ոչ ոքի պետք չեն լինի: Այսօր էլ բանկերում ունենք միլիոնավոր դոլարներ ու վարկային միջոցներ, որոնք ոչ մի գործարարի իրականում պետք չեն, որովհետեւ նրանք ունեն շուկաների խնդիր, քաղաքացիների գնողունակության խնդիր: Դրա համար պետք է մտածել իրական տնտեսության մասին ու շեշտը չդնել միայն բանկերի վրա:




























