Գործարար Ռուսլան Բայսարովը եւ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն խաղաղ դաշն են կնքել։ Այդ մասին Չեչնիայի վճռաբեկ դատարանի նիստի ընթացքում հայտարարել է նախագահող Թամարա Իսկանդարովան։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Բայսարովի եւ Օրբակայտեի որդին՝ Դենի Բայսարովը, հոր բացակայության ժամանակ կարող է ապրել մոր հետ։ Եթե մայրը համերգային կամ այլ տիպի շրջագայությունների մեկնի, երեխան կգտնվի հոր մոտ։ Այս մասին հայտարարում է «Интерфакс»-ը։

Այսպիսով, Չեչնիայի հանրապետության վճռաբեկ դատարանը փոփոխել է Դենի Բայսարովի կեցության վայրի մասին Գրոզնիի դատարանի որոշումը։ Դատին ներկա են եղել Բայսարովի եւ Օրբակայտեի ներկայացուցիչները։

Երգչուհու եւ իր նախկին ամուսնու միջեւ վեճը ծագել էր դեռես սեպտեմբերի սկզբին, ինչի պատճառը նրանց երեխայի հնարավոր տեղափոխությունն էր արտասահման։ Արդյունքում գործարար Ռուսլան Բայսարովը երեխայի՝ իր հետ բնակվելու հայցով դիմել էր Գրոզնիի դատարան, իսկ Քրիստինա Օրբակայտեն՝ նույն հայցով՝ Մոսկվայի Տվերսկի դատարան։

Հիմնավորելով իր հայցը՝ Ռուսլանը նշել է, թե չի ուզում , որ իր որդին «իր կենդանության օրոք Ամերիկա գնա եւ մնա առանց հոր դաստիրակության»։ Միեւնույն ժամանակ, նա դեմ չէ, որ երեխան շփվի մոր հետ, եթե դատարանը որոշի երեխայի ապրելու վայրը։