ՆԱՏՕ-ն պետք է մտածի Թուրքիայից «ամուսնալուծվելու» մասին, քանի որ դաշինքի և Անկարայի միջև աճող տարաձայնությունները անհաշտելի են դառնում: Այս մասին Chicago Tribune-ում հրապարակված հոդվածում գրել է ամերիկացի նախկին դիվանագետ Էլիզաբեթ Շաքերֆորդը:
«Այսօրվա Թուրքիան իսկապե՞ս այն Թուրքիան է, որը 70 տարի առաջ որպես գործընկեր ներգրավվել էր: Վախենում եմ, որ դաշինքը և Թուրքիան իրարից հեռացել են վերջերս ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը արգելելու Թուրքիայի սպառնալիքների պատճառով: Ես անհանգստանում եմ, որ աճող պառակտումները անհաշտելի են դառնում», - գրել է նախկին դիվանագետը և հավելել, որ դաշինքի կազմավորման առաջին տարիներին Թուրքիան սահման ուներ ԽՍՀՄ-ի հետ և ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը Խորհրդային Միության ընդլայնումը կասեցնելն էր, ինչի համար Թուրքիան այն ժամանակ լավ ներուժ ուներ՝ հաշվի առնելով դեպի արևմտյան ինքնության ձգտումը և ազատական ժողովրդավարական արժեքների ընդունումը:
«Սակայն վերջին տասնամյակների ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել հեղաշրջումներ ու անկարգություններ։ 2002 թվականին Արևմուտքը կարծում էր, որ այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) դեմոկրատական ճանապարհով ընտրվելու արդյունքում, սակայն ժողովրդավարությանը նվիրվածությունը դեռևս իրական չէր, և Թուրքիան կտրուկ շրջվեց դեպի ոչ ազատական ավտորիտար իշխանություն:
Թութքիայի ոչ ժողովրդավարական բնույթը դաշինքի համար պարզապես վատ դիմագիծ չէ, այլ նաև խաթարում է ՆԱՏՕ-ի անվտանգությունը: Թուրքիան դաշինքի ներսում ունեցած վետոյի իր իրավունքն օգտագործում է տարբեր հարցերում իր դաշնակից պատժելու համար՝ քանի որ նրանք չեն ընդունում քրդերին պատժելու Էրդողանի մոլուցքը: Նա անում է այն ինչ ուզում է և այդ քայլերը հաճախ չեն բխում դաշինքի շահերից և անվտանգությունից», - գրել է Էլիզաբեթ Շաքերֆորդը և անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ Թուրքիայի հարաբերություններին նշել, որ Թուրքիան երկու թելի վրա է խաղում:
Նա նշել է, որ 2019 թվականին Թուրքիան Ռուսաստանից գնել է հակահռթիրային պաշտպանության միջոցներ՝ անտեսելով ամերիկյան պատժամիջոցներն ու դրանով ապտակ հասցրել ՆԱՏՕ-ին: Նախկին դիվանագետը հարց է բարձրացրել հնարավո՞ր է արդյոք Թուրքիային դեռևս վստահել ՆԱՏՕ-ի սպառազինության համակարգերը, թե՞ Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ հարաբերությունները սպառնալիք են ՆԱՏՕ-ի սպառազինության համակարգերի մասին գաղտնի տեղեկատվությանը:
Անդրադառնալով Շվեդիային և Ֆինլանդիային՝ հոդվաշագիրը նշել է, որ երկու պետություններն էլ պրոֆեսիոնալ ռազմական ուժ և ռազմավարական նշանակության աշխարհագրական դիրք ունեն և կիսում են դաշինքի արժեքները, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Նա նշել է, որ այս պետություններում դժվար թե բանտարկեն քաղաքական հակառակորդներին կամ սպառնան լրագրողներին և դաշինքին այս պետությունների անդամակցության վերաբերյալ Էրդողանի առարկությունը հարց է բարձրացնում է, թե առհասարակ ում կողմից է նա:
«ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները հոգնել են Թուրքիայի երկակիությունից և խաղերից: Սա առաջին դեպքը չէ, երբ դաշինքից Թուրքիայի հեռանալը վիճահարույց խնդիր է դառնում: Դա տեղի է ունեցել 2016 թվականի ձախողված հեղաշրջումից հետո հնչած Էրդողանի կոշտ պատասխանից և 2019 թվականին հյուսիսարևելյան Սիրիա Թուրքիայի ներխուժումից հետո, սակայն դաշինքն անդամ պետություններին հեռացնելու կամ վտարելու մեխանիզմ չունի, ինչի համար էլ խնդրի ելքն անհայտ է», - գրել է նախկին դիվանագետ Էլիզաբեթ Շաքերֆորդը և հավելել, որ դաշինքի անդամ մյուս պետությունները կարող են միաձայն զրկել Թուրքիային 5-րդ հոդվածով նախատեսված պաշտպանական միջոցներից՝ փաստացի դադարեցնելով նրա մասնակցությունը և ցանկացած օգնություն, որը ստանում է ՆԱՏՕ-ից:
Հեղինակը նշել է, որ սա «ամուսնալուծությանը» ամենամոտ քայլն է, որը սակայն օգուտների և ռիսկերի սթափ գնահատում է պահանջում՝ շեշտելով, որ փոխզիջման և փոխըմբռնման կարիք կա:
«ՆԱՏՕ՛, Թուրքիայի հետ ապագայի ընդհանուր տեսլական և ընդհանուր առաջնահերթություններ ունե՞ք: Կարո՞ղ եք վստահել Թուրքիային: Եթե ոչ, ապա հաշվի առեք տարբերակները: Բաժանումները դժվար են և կեղտոտ, սակայն երկարաժամկետ հեռանկարում ձեզ համար կարող է ավելի լավ լինել», - գրել է հոդվածագիրը և հոդվածը ավարտելով նշել, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքի համար վերականգնման հարցում կարող է օգնել:




























