Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում օգոստոսի 9-ին ապօրինի զենք ու թմրանյութ պահելու հերթական դեպքը բացահայտվեց:

Ոստիկանության լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ իրացնելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները՝ զենք-զինամթերք և թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա իրավապահները Հյուսիսային պողոտայում ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներ:

Վանաձորցիների խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ կոկաին: Ալագյազ գյուղի բնակչի գրպանում ոստիկանները հայտնաբերեցին 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: