Ռոնդոնիա նահանգում մահացել է «Մարդը անցքից»՝ այսպես են հետազոտողներն անվանել վերջին հնդկացուն մեկուսացած ցեղից, որն ապրում էր տանարու ժողովրդի տարածքում: Վերջին 26 տարին տղամարդը միայնակ է անցկացրել։ Ամենայն հավանականությամբ, նա մահացել է բնական մահով, հայտնում է Բրազիլիայի հնդկացիների ազգային հիմնադրամը (FUNAI):
«Օգոստոսի 23-ին հատուկ դիտորդական խմբի շրջայցի ժամանակ նրա մարմինը հայտնաբերվել է իր տնակում՝ ճոճացանցում։ Անծանոթների առկայության, պայքարի կամ բռնության հետքեր չեն եղել։ Մահացածի իրերը դրված են եղել իրենց տեղերում։ Մահացածի աճյունը կփոխանցվի Բրազիլիայի Քրեագիտության ազգային ինստիտուտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բոլիվիայի հետ սահմանի մոտ գտնվող ջունգլիներում ապրող միայնակ հնդկացու մասին առաջին անգամ իմացել են 1996թ.։ Նրա ցեղի վերջին հինգ անդամներին սպանել էին մեկ տարի առաջ։
Հետազոտողները եւ լրագրողները հնդկացուն անվանել են «Մարդը անցքից», քանի որ նրա յուրաքանչյուր կայանատեղիում խորը անցքեր են հայտնաբերվել։ Համարվում էր, որ դրանք անհրաժեշտ են որսի կամ ապաստան կազմակերպելու համար։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ դրանք ինչ-որ ծիսական անցքեր են եղել։
Հնդկացին մոտ 60 տարեկան է, իսկական անունը, ցեղի անունն ու լեզուն անհայտ են։ Նրա ցեղի մարդկանց մեծ մասը մահացել է դեռեւս 1970-ականներին՝ ֆերմերների եւ փայտահատների հետ բախումների ժամանակ:
Մոտ 240 հնդկական ցեղեր են ապրում Բրազիլիայում, նրանցից շատերի գոյությունը վտանգի տակ է. նրանց տարածքը գրավում են ապօրինի հանքափորները, անտառահատները եւ պլանտատորները:




























