ԱՄՆ արեւելյան ափին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հայ համայնքի ներկայացուցիչներ չեն տուժել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Վաշինգթոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։«Ես Կալիֆորնիայից եմ գալիս, համայնքը լավ է, ամեն բան կարգին է։ Այնտեղ երկրաշարժերը բավական նորմալ երեւույթ են։
Իրականում ոչ մի լուրջ բան չի պատահել։ Շենքերն իրենց տեղում են, պարզապես դրանցից որոշների պատերին փոքր ճաքեր կան, երկրաշարժից հետո բնակավայրերը շարունակում են ապրել բնականոն հունով»,- հայտնեց Չուլջյանը։Հարցին, թե գրանցվե՞լ են արդյոք երկրաշարժից հետո հետցնցումներ, նա նշեց, որ ամերիկացի երկրաբանների պնդումներով, թեպետ նման երկրաշարժ ԱՄՆ արեւելյան ափին չի գրանցվել վերջին 70 տարում, հետցնցումների հավանականությունը շատ փոքր է, գրեթե աննշան։
Նշենք, որ ԱՄՆ արեւելյան ափին տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դադարեցրել է իր արձակուրդը: 5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական 13:51-ին (Երեւանի ժամանակով 22:51-ին):Երկրաշարժի հետեւանքով ցնցվել են Նյու-Յորքի երկնաքերերը:
Զգալի վնաս է կրել Վիրջինիա նահանգի ատոմակայաններից մեկը, որի երկու ռեակտորները դադարեցրել են աշխատանքը:2 ժամով աշխատանքը դադարեցրել են Նյու Յորքի եւ Նյու Արքի միջազգային օդանավակայանները:Վնասվել է Վաշինգթոնի Մայր տաճարը, շինությունը փակ է այցելուների համար:




























