Սիսիանում նախընտրական քարոզարշավն անցնում է բնական հունով, բոլոր քաղաքական ուժերն արդեն սկսել են նախընտրական քարզարշավը: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ համայնքապետի թեկնածու Աշոտ Ավագյանը:

«Այս պահին մենք անհատական հանդիպումներ ենք ունենում քաղաքացիների հետ, իսկ համայնքներ կայցելենք չորեքշաբթի օրվանից: Մեր ծրագրի կարեւոր կետը վերաբերում է անվտանգությանը, աշխատում ենք մեծ-մեծ  խոստումներ չտանք սոցիալական  հարցերի հետ կապված, ոնց որ ժողովրդին խաբեցին 4 տարի առաջ: Իհարկե, ժողովուրդը գնում է դրան, հիմա մեզ մեղադրում են նրա մեջ, որ սուտ չենք ասում, պոպուլիզմով չենք զբաղվում,  բայց  մենք գիտեն, որ ստի վրա չի կարելի հիմնվել, քանի որ այն անմիջապես բացահայտվելու է»,- ասաց նա:

Ավագյանի խոսքով`  Սիսիանում շատ սուր է դրված անվտանգության խնդիրը, քանի որ արդեն 2 տարի Սիսիանը դարձել է սահմանամերձ երկու կողմից. « Իհարկե, անվտանգությունը պետք է պետությունը ապահովի, իսկ ՏԻՄ-ը պետք է օգտակար լինի անվտանգության ապահովմանը, ամրաշինկանան աշխատանքներ իրականացնելուն, ապաստարաններ կառուցելուն, թեկուզ այն, որ բնակչությունը պետք է իմանա, թե  էքստրեմալ իրավիճակում ով որտեղ պետք է լինի, ինչ գործառույթ պետք է ունենա»,-ասաց նա:

Ավագյանի խոսքով` իշխող ուժի կողմից դրսեւորվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, երբ համայնքապետարանի աշպատակիցներին հորդորել են իրենց ուժին չաջակցելու դեպքում դիմում գրել եւ աշխատանքից ազատվել:

«Եղել են մարդիկ, որ ասել են` ձեզ հետ ճանապարհ չունենք անցնելու եւ դիմում են գրել, մարդիկ էլ կան, որ համաձայնվել են, բայց կոնկրետ թիվ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Սիսիանում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 2 դաշինք, 5 կուսակցություն, որն ամենաշատն է 16 համայնքներում առաջադրված ուժերի հետ համեմատած:

Սիսիանում առաջադրվել են «Աշխատանք և արդարություն» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Հայկ Առաքելյանը, «Զարգացող համայնք» դաշինք՝ Մհեր Ազոյանի գլխավորությամբ, ՀՅԴ-ն Աշոտ Ավագյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ Սևակ Մուսաթյանի գլխավորությամբ, «Մեկ Հայաստան»կուսակցությունը՝ Մարտին Հարությունյանի գլխավորությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը Արա Զաքարյանի գլխավորությամբ։

Նշենք, որ Աշոտ Ավագյանը արցախյան 3 պատերազմների մասնակից է, լեգենդար «Սիսական» ջոկատի մարտիկներից: