2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հայտնի տեսանյութը, որ զետեղված է YouTube կայքում, միջազգային փորձագետների կողմից ուսումնասիրման կարիք ունի: Այդ մասին այսօր` օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:
Վերջինս նշել է, որ տեսանյութը փորձաքննության է ենթարկվել Հայաստանում, սակայն լիարժեք հնարավոր չէ պատասխանել բոլոր հարցերին, ուստի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նամակով դիմել է արտգործնախարարությանը, որպեսզի տեսանյութը դիվանագիտական ճանապարհով ուղարկվի եվրոպական երկրներին` այնտեղ փորձաքննության ենթարկելու եւ կրակող անձի նույնականացման համար պիտանի տեսապատկեր ստանալու համար:
Նշենք, որ այդ տեսանյութում պատկերված է, թե ինչպես են ոստիկանական համազգեստով անձինք դիմահար կրակոցներ արձակում:




























