Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին հնազանդվելու եւ փոքրամասնություններից վաղ անցյալում առգրավված սեփականությունը վերադարձնելու որոշման վերաբերյալ Թուրքիայի կառավարության հայտարարությունը դրական առաջխաղացում է: Այս մասին նշված է Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ:
Համագումարից NEWS.am-ին հայտնում են, որ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Թեեւ դեռ հայտնի չէ, թե ինչպես կառավարությունն ի կատար կածի այս նոր որոշումը, սակայն հույս է ներշնչում, որ օրենքի գերակայությունը կվերականգնվի եւ կգործի հօգուտ Թուրքիայիում երկար ժամանակ ճնշման տակ գտնվող փոքրամասնությունների:
Հայտարարությունն արվեց Թուրքիայում մի շարք դրական զարգացումների հետ մեկտեղ, որոնց արդյունքում աճեց քաղաքացիական հսկողությունը Թուրքիայի կառավարության որոշ ճյուղերի նկատմամբ, որոնք մինչ այդ գտնվում էին բանակի վերահսկողության ներքո: Այս բարեփոխումների մի մասը բխում է Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու ցանկությունից:
Սակայն, հաշվի առնելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության ընդգծված իսլամիստական քաղաքականությունը եւ այս վերջերս քրդական բնակչության հետ հարաբերությունների վատթարացումը, մենք հույս ունենք, որ սա պարզապես եւս մեկ փորձ չէ իշխանությունների պատկերը ողորկել որպես բարեփոխումների ձգտող կառավարություն:
Փոքրամասնությունների սեփականության վերաբերյալ Էրդողանի նոր քաղաքականությունը համընկավ թուրքական պառլամենտի բացասական որոշման հետ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ դիվանագիտական հարաբերություններ հիմնելու եւ սահմանը բացելու ուղությամբ` չնայած իր միջազգային հանձնառարություններին: Այն, որ Թուրքիան չիրագործեց արձանագրությունները, լրացնում է խոստումների մի շարք, ներառյալ իր պարտավորությունները Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերում, ըստ որոնց Հայաստանը պետք է ապահովվեր ելքով դեպի Սեւ ծով: Փոխարենը Թուրքիան, Ադրբեջանի հետ համերաշխ լինելով, անօրինական շրջափակման մեջ է պահում եւ ձգտում է մեկուսացնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:
Ինչ վերաբերում է Թուրքիայում բնակվող հայ փոքրամասնությանը, ապա շուրջ մեկ դար տեւած դաժան հետապնդումներից, պաշտոնական խտրականություններից եւ հանրային ռասիզմից հետո բռնագրավված սեփականության մի մասը վերադարձնելու որոշումը, իհարկե, ողջունելի առաջխաղացում է, սակայն չի կարող փոխհատուցել հասցված վնասը ողջ ծավալով: Անուղղակիորեն ընդունելով, որ Թուրքիան երեք քառորդ դարից ավել փոքրամասնությունների նկատմամբ վարել է խտրականություններով լի քաղաքականություն, ոչնչով չի շտկում Հայոց Ցեղասպանության հետեւանքները: Թուրքիան չի ապացուցել, որ պատրաստ է հաղթահարել Հայոց Ցեղասպանության հետեւանքները:
Փոքրամասնությունների սեփականության առգրավումը, որն ուղղված էր Թուրքիայում գոյություն ունեցող փոքրամասնությունների վերջին կառույցների ոչնչացմանը, իրագործվում էր դեռեւս 1930-ական թվականներին, երբ Թուրքիան նացիստական ռասիղմի ազդեցության ներքո ուժգնացրեց իր խտրականիչ քաղաքականությունը: Քեմալիստների վարած այս քաղաքականությունը հանդիսանում էր Երիտասարդ Թուրքերի կոմիտեի ավելի վաղ քաղաքականության շարունակությունը, որոնց օրոք էլ իրագործվեց Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաեւ իրականացվեց պատժիչ հարկային քաղաքականություն` ուղղված Թուրքիայում մնացած հայ, հրեա եւ հույն փոքրամասնությունների դեմ:
Թուրքիան երբեք չփոխհատուցեց այդ ժամանակաշրջանի պաշտոնական քաղաքականության հետեւանքների համար: Փոխարենը, ճնշման տակ պահեց փոքրամասնությունների համայնքները` շարունակաբար զրկելով համայնքային հաստատություններին, դպրոցներին ու եկեղեցիներին աջակցող նվիրաբերությունները օրինականորեն գրանցելու հնարավորությունից: Արդյունքում այդ քաղաքականությանը հաջողվեց նվազեցնել փոքրամասնությունների խմբերի թիվը` դարձնելով այն իրենց իրական թվերի նվազ հատվածի: 78 միլիոն բնակչություն ունեցող երկրում քրիստոնյա եւ հրեա փոքրամասնությունների ամբողջական թիվը կազմում է 100.000-ից քիչ:
Հրամանագիրը նաեւ ոչինչ չի անում Թուրքիայում հայ ճարտարապետական ժառանգության պաշտպանության համար. անթիվ հուշարձաններ, որոնցից շատերը կրոնական բնույթի են, ենթարկվել են վանդալիզմի, արհամարհանքի, նույնիսկ ուղղակի ոչնչացման:
Հայաստանի Հանրապետության հետ սահմանի հատվածում գտնվող պատմական քաղաք Անիի հնությունները շարունակաբար հիշեցնում են Հայոց Ցեղասպանության ժխտման հետեւանքով կատարված հանցանքների մասին, մինչ թուրք պաշտոնյաները շարունակում են յուրացնել միջնադարյան քաղաքի մնացորդները:
75 տարի անց այս հայտարարությունն ապացուցում է Կոնգրեսի կողմից Ռոյս-Բերման օրինագծի հաստատման կարեւորությունը, որը կոչ է անում պաշտպանել Թուրքիայում քրիստոնեական ժառանգությունը: Հենց այս խնդիրներն էին, որոնց մասին հայտնի թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը Թուրքիայում առաջին անգամ հրապարակավ բարձրաձայնեց, եւ ինչպես պարզվեց, իր կյանքի գնով: Կարելի է եւ հարկավոր է անել ավելին Թուրքիայում փոքրամասնությունների խնդիրները լուծելու համար»:




























