ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ 2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը եւ Մեծամորը։

«Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման եւ կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի կազմկոմիտեն Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ ըստ սահմանված պահանջների: Որպես հաղթանակի պայման դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաեւ ընթացիկ եւ նախատեսվող երիտասարդական ծրագրերը:

Ձեւավորված փորձագիտական խմբի գնահատմամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Մեծամոր քաղաքը, SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը: Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին, երիտասարդական մայրաքաղաքի մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը:

Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին Երեւանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:

Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, ապա՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջեւանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետեւ՝ Կապանը (2021), իսկ 2022-ին՝ Հրազդանը։