Շքեղության առարկաների վրա կատարվող ծախսերն ավելի արագ կավելանան, քան երբեւէ, դրան նպաստում են չբավարարված պահանջարկը համավարակի ժամանակ եւ ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը, տեղեկացրել է AP-ը։

Շքեղության առարկաների համաշխարհային վաճառքը, ներառյալ կաշվե զարդերը, հագուստը, կոշիկը, ոսկերչական իրերը եւ ժամացույցները, այս տարի կավելանան 22 տոկոսով՝ կազմելով 353 մլրդ եվրո՝ 2021թ. 290 մլրդ-ի փոխարեն, վկայում են Bain քոնսալթինգային ընկերության հետազոտության տվյալները, որն իրականացրել է Էլիտար արտադրանքի Altagamma իտալական ասոցիացիան։

«Սպառումը վերադարձել է մինչճգնաժամային մակարդակին»,- ասել է Bain-ի աշխատակից Կլաուդիա Դ’Արպիցիոն, որը հետազոտության համահեղինակն է։

Ռեկորդային աճը տեղի է ունեցել 2021թ. գլոբալ կարանտինի վերացումից հետո՝ չնայած եկող տարի սպասվող ռեցեսիայի սպառնալիքին։ Bain-ի կանխատեսմամբ՝առաջիկա հինգ տարում սեկտորում աճը կհասնի 550-570 մլրդ եվրոյի։

Դ'Արպացիոն զգուշացրել է, որ սեկտորը պաշտպանված չէ ռեցեսիայից, բայց ավելի կայուն է, քան 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ։

Ավելի կայուն դարձած սեկտորում աճի գործոններից են հաճախորդների բազայի ընդլայնումը, ավելի սերտ հարաբերությունները բրենդների եւ սպառողների միջեւ՝ սոցցանցերի միջոցով, ինչպես նաեւ ֆիրմային խանութներում գնումների հանդեպ ավելացած ուշադրությունը։