ԱՄՆ-ը 66,5 մլն դոլար կհատկացնի Ֆիլիպինների երեք ռազմակայաններում ուսումնական եւ պահեստային շինություններ կառուցելու համար՝ 2014թ. անվտանգության ապահովման վերաբերյալ համատեղ գործարքի շրջանակում։
Պաշտպանության նախարարության հայտարարությունում նշվել է, որ օբյեկտների կառուցումը ֆիլիպինյան հինգ օբյեկտներից երեքում՝ Ընդլայնված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի (EDCA) շրջանակում, կսկսվի եկող տարի։
Ֆիլիպինները երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը, եւ EDCA-ն կարեւոր փաստաթուղթ է երկու երկրների համար, քանի որ նրանք անհանգստացած են Հարավչինական ծովում Չինաստանի ունեցած դիրքորոշումից։
Երկու երկրները կնքել են 70-ամյա պայմանագիր փոխադարձ պաշտպանության մասին եւ ամեն տարի մասնակցում են տասնյակ համատեղ զորավարժությունների՝ սկսած մարտական հրաձգությունից ու ծովային դեսանտներից մինչեւ հումանիտար առաքելություններ եւ հակաահաբեկչական զորավարժանքներ։
Ֆիլիպինյան զորքերի գլխավոր հրամանատար Բարտոլոմե Բակարոն ասել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է եւս հինգ ռազմակայան կառուցել EDCA-ում, բայց դա պետք է արժանանա պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների հավանությանը։




























