ԱՄՆ-ը եւ Չինաստանը, կարծես թե, գնում են դեպի ռազմական հակամարտություն՝ Թայվանի պատճառով, որը կճնշի տնտեսական աճը, զգուշացրել է ազդեցիկ ներդրող, Bridgewater Associates-ի հիմնադիր Ռեյ Դալիոն:
Նրա խոսքով՝ պատերազմի սպառնալիքն արդեն իսկ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա, եւ երկու գերտերությունները վտանգավոր կերպով մոտ են նրան, որ շարունակվող լարվածությունը վերաճի լիարժեք ռազմական հակամարտության:
«Միացյալ Նահանգները եւ Չինաստանը գտնվում են առեւտրային պատերազմի, տեխնոլոգիական պատերազմի, հանուն աշխարհաքաղաքական ազդեցության պատերազմի մեջ եւ այժմ վտանգավոր կերպով մոտ են ռազմական պատերազմին»,- գրել է Դալիոն LinkedIn-ի գրառման մեջ: «Դա վախեցնում է գրեթե բոլորին, կաթվածահար է անում գործունեությունը, բազմաթիվ առումներով հանգեցնում է ինքնաբավության անարդյունավետ ձեւավորման, ինչը տնտեսապես ծախսատար է»,- ասել է նա:
Դալիոյի նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հանդիպել է իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ:
Սակայն մի քանի օր առաջ Ծինփինը չինական բանակին հրամայել էր ուժեղացնել ռազմական պատրաստվածությունը՝ պատերազմին նախապատրաստվելու համար, հայտնում է The Guardian-ը: Իսկ հոկտեմբերին Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարի ավարտին Սին երկրին ասել էր պատրաստվել «վտանգավոր փոթորկի»:
Փորձագետները, այդ թվում՝ խոշոր ներդրող Քայլ Բասը, ասում են, որ համագումարին Սիի ելույթը ազդարարում էր, որ Պեկինը պատրաստվում է քայլեր ձեռնարկել Թայվանում:
Թայվանում պատերազմը հավանաբար տեղի կունենա մոտ երկու տարուց, կանխատեսել է Դալիոն՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները ձեռնտու են ավելի ագրեսիվ Հանրապետական կուսակցությանը, եւ համաշխարհային տնտեսության դանդաղումը, հավանաբար, հուսահատություն կառաջացնի:
«2024 թվականի ընտրությունները ԱՄՆ-ում եւ Թայվանում, Ճապոնիայի վերազինումը եւ այս պահին համաշխարհային տնտեսական իրավիճակի վատթարացման հավանականությունը հատկապես ռիսկային են դարձնում 2024-2025 թվականներն ընկած ժամանակահատվածը»,- ասել է նա։
Դալիոն ամերիկա-չինական հակամարտությունը համեմատել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող պատերազմի հետ՝ արեւմտյան երկրները, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառեն չինական ապրանքների նկատմամբ, եթե Թայվանի վրա հարձակում կատարվի: «Պարզապես Միացյալ Նահանգների հետ ավելի ինտենսիվ պատերազմի հավանականությունը կործանիչ ազդեցություն ունի աշխարհի վրա»,- ասել է նա: «Պատկերացրեք, եթե Չինաստանում ներդրումներ կատարելը, արտադրությունը կամ չինական ապրանքներ գնելը քաղաքականապես նման լինեին նրան, ինչ անում եք Ռուսաստանի հետ»: Միլիարդատեր ներդրողի կարծիքով՝ սա արդեն ստիպում է ներմուծողներին ու ներդրողներին այլ տեղ փնտրել։ «Այս հնարավորության պատճառով ընկերությունները արտադրությունը տեղափոխում են այլ երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Վիետնամը եւ Մեքսիկան, եւ ներդրողներն էլ նույնն են անում»,- ասել է Դալիոն:




























