Քչերն են կասկածում, որ, կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրությունների արտյունքներով, Քասիմ Ժոմարտ Տոկաեւը 7 տարով կերկարաձգի իր իշխանությունը Ղազախստանում: Սակայն ավելի քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես կարող է նախկին դիվանագետը նվազեցնել իրերկրի կախվածությունը Ռուսաստանից՝ առանց նրանից օտարվելու:

Տոկաեւը, ով, ըստ սոցիոլոգիական հարցումների, վստահորեն կհաղթի ընտրություններում, հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված տարածքային պահանջներին, ինչը վատթարացրել է նախկին խորհրդային հանրապետության եւ Մոսկվայի հարաբերությունները:

Ռուսաստանը եւ Ղազախստանը կիսում են աշխարհի ամենաերկար շարունակական ցամաքային սահմանը՝ որոշ ղազախների մոտ մտահոգություն առաջացնելով՝ Ուկրաինայից հետո հետխորհրդային հանրապետություններից երկրորդ ամենամեծ էթնիկ ռուս բնակչությամբ երկրի անվտանգության վերաբերյալ:

Հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած ֆորումում Տոկաեւն ասել է, որ իր կառավարությունը չի ճանաչում Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից վերահսկվող շրջանները եւ պահպանում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը:

Նրա կոշտ արտահայտությունները զարմացրել են դիտորդներին եւ հանգեցրել ռուսական լրատվամիջոցների որոշ մեկնաբանների զայրացած սպառնալիքներին:

Իսկ անցյալ ամիս, երբ Տոկաեւը հյուրընկալել է Կենտրոնական Ասիայի նախագահների գագաթաժողովը, նա դեմ առ դեմ հանդիպումներ է ունեցել այլ առաջնորդների հետ, սակայն, սառող հարաբերությունների ֆոնին, Պուտինի հետ երկկողմանի բանակցություններ չեն կայացել:

69-ամյա Տոկաեւը պաշտոնը ստանձնել է 2019 թվականին այն բանից հետո, երբ Ղազախստանի նախորդ նախագահը բողոքի ակցիաների պատճառով հրաժարական է տվել: Վառելիքի թանկացման հետեւանքով առաջացած հունվարյան անկարգություններից հետո Տոկաեւը անդրադարձել է բարեփոխումներին, ներառյալ սահմանադրական փոփոխություններին եւ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ։ Արմատական ​​փոփոխությունների պահանջարկի ֆոնին նա վերջերս արագացրել է ղազախական նավթի արտահանումը արեւմուտք Կասպից ծովով ավելացնելու ծրագրերը՝ խուսափելով Ռուսաստանից:

Ղազախստանը ներկայումս մեծապես կախված է Caspian Pipeline Consortium-ից (CPC)՝ աշխարհի ամենամեծ խողովակաշարերից մեկից, որն անցնում է Ռուսաստանի տարածքով մինչեւ Նովոռոսիյսկ սեւծովյան նավահանգիստ: Տարեկան 68 մլն տոննա արտահանման ընդհանուր ծավալից դրանով է անցնում 53 մլն տոննա ղազախական նավթը։

 «Մենք մշակել ենք ճանապարհային քարտեզ արտահանման (նավթի) դիվերսիֆիկացման համար»,- լրագրողներին ասել է վարչապետ Ալիխան Սմաիլովը՝ հավելելով, որ աշխատանքներ են տարվում բոլոր ոլորտներում նավթի արտահանման հնարավորություններն ընդլայնելու եւ մեծացնելու ուղղությամբ»: Բայց այս նպատակին հասնելը հեշտ չի լինի։ Ղազախստանի KazMunayGas պետական ​​նավթային ընկերության գործադիր տնօրենն այս շաբաթ ասել է, որ 20 միլիոն տոննա բեռնափոխադրումը «միջնաժամկետ» թիրախ է:

Ղազախստանի նախագահը եւ ՌԴ ԱԳՆ-ն չեն արձագանքել այս պատմության վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքին։ Հուլիսին Տոկաեւի խոսնակն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր, եւ էներգակիրների մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման ծրագրերը քաղաքականությամբ չեն որոշվում:

CPC-ի հիմնական այլընտրանքային երթուղին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարն է, որը սկիզբ է առնում Ադրբեջանում՝ Ղազախստանից Կասպից ծովի հակառակ ափից։ Բաքվից նավթը կարող է խողովակաշարով հասցնել նաեւ Վրաստանի Սուփսա նավահանգիստ, այնտեղից էլ համաշխարհային շուկաներ:

Սակայն ղազախական նավթի Բաքու առաքումը պահանջում է կա՛մ ծովային փոխադրումներ, կա՛մ անդրկասպյան խողովակաշարի կառուցում: Գոյություն ունեցող նավատորմը փոքր է, եւ ափամերձ պետությունների միջեւ խողովակաշարի շուրջ բանակցությունները տասնամյակներ շարունակ դադարեցվել են տարածքային վեճերի պատճառով:

Երկու տարբերակներն էլ անհրաժեշտ կլինեն 20 միլիոն տոննա թիրախին հասնելու համար, քանի որ Կասպից ծովի ղազախական նավահանգիստները չունեն անհրաժեշտ հզորություն, եւ չկան լցանավեր, որոնք կարող են նման ծավալների հումք տեղափոխել:

Սմաիլովն անցյալ շաբաթ ասել էր, որ Ղազախստանը կսկսի ԲԹՋ-ով տարեկան լրացուցիչ 1,5 մլն տոննա վառելիք ուղարկելով՝ սկսած 2023 թվականից՝ աստիճանաբար հասնելով 6-ից 6,5 մլն տոննայի։

Նա չի հստակեցրել, թե ինչպես է երկիրը հասնելու նպատակին։ Ղազախական Ակտաու նավահանգիստը կարող է սպասարկել մինչեւ 5,5 միլիոն տոննա: Մեկ այլ նավահանգիստ՝ Կուրիկը, կարող է օգտագործվել նավթ տեղափոխող երկաթուղային լաստանավերի բեռնման համար:

Սմաիլովն ասել է, որ Ղազախստանի նավթի խոշորագույն արտադրող Tengizchevroil-ը կրկնապատկել է իր վագոնների թիվը՝ վրացական սեւծովյան Բաթումի նավահանգիստ հում նավթ տեղափոխելու համար:

Տոկաեւը նաեւ կոչ է արել Կասպից ծովի ափին նավթի պահեստարաններ կառուցել, ինչը կկանխի խողովակաշարերի խափանումների անմիջական ազդեցությունը արտադրության վրա։

Դեպի արեւելք Ղազախստանից Չինաստան խողովակաշարը ներկայումս օգտագործվում է տարեկան մոտ 10 մլն տոննա ռուսական նավթ տեղափոխելու համար՝ դրա հզորության մոտ կեսը, գումարած մոտ 2 մլն տոննա ղազախական նավթ:

Այս խողովակաշարը լցնելու Ղազախստանի հնարավորությունը սահմանափակված է չինական պահանջարկով եւ գներով, որոնք ամեն տարի վերանայվում են։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր նախկին խորհրդային Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունները գնալով ավելի են դիմակայել Մոսկվային՝ գիտակցելով իրենց նոր լծակները, քանի որ Ռուսաստանը փնտրում է իրենց շուկաները եւ առեւտրային ուղիները՝ փորձելով շրջանցել Արեւմտյան պատժամիջոցները:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Տոկաեւի ջախջախիչ հաղթանակը կարող է նրան քաջություն տալ՝ Ռուսաստանից ավելի հեռանալու համար:

Պաշտոնյան, որը հրաժարվել է իր անունը հրապարակելուց, նշել է, որ Տոկաեւը ցանկանում է ապացուցել, որ կարող է ղեկավարել իր 20 միլիոնանոց երկիրը՝ առանց հովանավորի:

Պուտինը աջակցել է Տոկաեւին, եւ ՀԱՊԿ-ը զորքեր է ուղարկեց Ղազախստան այն ժամանակ, երբ Ղազախստանի ղեկավարը չէր կարող լիովին վստահել սեփական անվտանգության ուժերին, ինչը այժմ քննադատությունների տեղիք է տվել: Նրա գործողությունները փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն սկսելուց հետո այլ բան են հուշում։

Ղազախստանը խաղաղության կոչ է արել եւ հրաժարվել է ճանաչել հանրաքվեներ: Նույնիսկ պատերազմից առաջ Ղազախստանը դիմադրել է 2020 թվականին Մոսկվայի մղումներին՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթ եւ միասնական խորհրդարան ստեղծելու վերաբերյալ հնգամյա ռազմավարական ծրագրին: Պաշտոնյան ասել է, որ Ղազախստանի կառավարությունը վերանայում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, թեեւ հսկա հարեւանը դեռեւս զգալի լծակներ ունի:

Այս տարի CPC-ում ավելի շատ խափանումներ են եղել, քան երբեւէ, ինչը ստիպել է Ղազախստանին՝ կրճատել նավթի արդյունահանումը եւ արտահանումը 2022 թվականին՝ վնաս հասցնելով պետական ֆինանսներին: