Հայուհի Զինա Թամամյանը հայտնվել է ԱՄՆ-ում Medicare-ի բժշկական ապահովագրության հիմնադրամից միջոցներ գողանալու մեքենայությունների մեջ կասկածվող 91 անձանց ցուցակում։
Թամամյանը, ով ղեկավարում է Շերման Օուքս քաղաքում գտնվող Gana Medical Supply ֆիրման, մեղադրվում է շուրջ 2,9 միլիոն դոլարի մեքենայության մեջ։ Նրա ֆիրմայի կողմից պատվիրվել են սարքավորումներ, որոնք այդպես էլ հաճախորդներին չեն հասել, հայտնում է The Los Angeles Daily News-ը։ Ներկայումս Թամամյանը փախուստի մեջ է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը 91 հոգու մեղադրել է Medicare-ի բժշկական ապահովագրության հիմնադրամից 295 մլն դոլար միջոցներ գողանալու մեքենայությունների մեջ։
Ինքը՝ մեքենայական սխեման բացահայտվել էր 2011 թվականի փետրվարին եւ ձերբակալությունների շարքը տարածվել էր երկրի ողջ տարածքով։ 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում հանցավոր խոշոր խմբավորում էր հայտնաբերվել։ Ձերբակալվել էր նրա ղեկավարը՝ Կալիֆորնիայում բնակվող 46-ամյա հայազգի, «օրենքով գող» Արմեն Ղազարյանը։
Խմբավորումը գողացել էր իրական բժիշկների տվյալները եւ ներկայացրել Medicare-ի գրասենյակներ՝ դրանցով մեծ գումարներ ստանալով: Նրանք նաեւ Կալիֆորնիայի Օրինջ կոմսության բուժկենտրոնում բուժվող մոտ 2900 անձանց տվյալներ էին գողացել, որոնք օգտագործել էին Medicare-ից գումարներ ստանալու համար:



























