Կիրակի Բրազիլիայում բռնկված ցույցերի լուսաբանման ժամանակ առնվազն հինգ լրագրող ենթարկվել է հարձակման, տեղեկացրել է հետաքննող լրագրողների բրազիլական ասոցիացիան (Abraji)։

«Առնվազն հինգ լրագրող ենթարկվել է հարձակման, նրանց տեխնիկան կամ ջարդել են, կամ գողացել»,- նշվել է ասոցիացիայի կայքում հրապարակված հաղորդագրությունում՝ հղում կատարելով դաշնային օկրուգի լրագրողների միությանը։

Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների դեմ հարձակումները, որոնք  «ընդամենն իրենց աշխատանքն էին կատարում՝ լուսաբանելու համար բրազիլական դեմոկրատիային սպառնացող իրադարձությունները»։

Բրազիլիայի նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարուի կողմնակիցները, որոնք անցած տարեվերջից ընդվզում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, կիրակի զավթել էին կոնգրեսի շենքը Բրազիլիայի մայրաքաղաքում, ներխուժել նախագահի նստավայր՝ Պլանալտու պալատի տարածք, ինչպես նաեւ Գերագույն դատարանի շենք, տեղեկացրել էին տեղի ԶԼՄ-ները։ Ոստիկանությանը միայն երեկոյան է հաջողվել ցուցարարներից մաքրել կառավարական շենքերը, կալանավորվել է ավելի քան 400 մարդ։