Թուրքիան թույլ չի տա, որ Հունաստանն Էգեյան ծովում ներկայիս 6 մղոնից ավելի ընդլայնի ջրային տարածքը, ինչպես նաեւ ստատուս-քվո ձեւավորի տարածաշրջանում՝ ի վնաս Թուրքիայի։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոջաելի նահանգում, տեղեկացրել է Անատոլիական գործակալությունը։
Թուրք նախարարը Աթենքին կոչ է արել հրաժարվել «սխալ հաշվարկներից» եւ չփորձել նոր լարվածություն ստեղծել տարածաշրջանում։
«Աթենքը պետք է հիշի պատմության դասերի մասին։ Թուրքիան հունական սադրանքներին չի տրվի, բայց եւ թույլ չի տա տարածաշրջանում պայմաններ ձեւավորել, որոնք կսահմանափակեն թուրքական կողմի իրավունքները»,- հավաստիացրել է Աքարը՝ նշելով, որ Աթենքն իր հակաթուրքական պլաններում «չպետք է հենվի երրորդ ուժերի աջակցության վրա»։
Պաշտպանության նախարարը նորից ընդգծել է Թուրքիայի վճռականությունը տարածաշրջանում իր շահերի պաշտպանության հարցում։
Մեկնաբանելով հունական կողմի պնդումները Կրետե կղզում տարածքային ջրերի ընդլայնման (վեց մղոնից 12-ի) պատրաստվող քայլերի մասին, Հուլուսի Աքարն ասել է. «Մենք դա չենք ընդունի։ Միայն 6 մղոն»։



























