Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում՝ Չինաստանում, ապրում էր 1,411 միլիարդ մարդ, ինչը 850 000-ով պակաս է, քան մեկ տարի առաջ: Այս մասին հունվարի 17-ին հայտնել Է Պեկինում ՉԺՀ պետական վիճակագրական վարչությունը։ Այսպիսով, երկրի բնակչությունը 2022 թվականին կրճատվել է վեց տասնամյակների ընթացքում առաջին անգամ, գրում է dpa գործակալությունը։
Ծնելիության մակարդակը կազմել է ընդամենը 6,77 նորածին 1000 մարդու հաշվով, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։
2022 թվականին ծնվածների թիվը (9,56 մլն) ցածր է եղել մահացածների թվից (10,41 մլն)։ Մինչ այդ անկումը գրանցվել էր 1960 եւ 1961 թվականներին՝ արդյունաբերականացման աղետալի հետեւանքներից հետո ուժեղ սովի ֆոնին։
Փորձագետների գնահատականներով՝ Չինաստանը վաղուց է տառապում ծնելիության կտրուկ անկումից եւ բնակչության ծերացումից։ 2015-ին վիճահարույց ժողովրդագրական քաղաքականության վերացումը («մեկ ընտանիք՝ մեկ երեխա») հանգեցրեց թվերի աճի, բայց միայն աննշան եւ կարճ ժամանակահատվածում:
Մասնագետները կարծում են, որ պատճառները Չինաստանում բնակարանների, կրթության եւ առողջապահության բարձր գինն է, ինչպես նաեւ բնակչության՝ ամուսնանալու ձգտման նվազումը: Համավարակը, ըստ երեւույթին, սրել է այս բացասական միտումը։
2021 թվականին ամուսնացած չինացի զույգերին թույլատրվել է ունենալ մինչեւ երեք երեխա։ Ուսման ծախսերը փոքր-ինչ կրճատվել են։ Հղիության եւ երեխայի խնամքի արձակուրդի տրամադրումը հեշտացվել է:
Միեւնույն ժամանակ, Չինաստանի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացի 60-ն անց է։ 15-ից 59 տարեկան աշխատունակ բնակչության շերտը շարունակում է նվազել։
Ծնելիության կարգավորման արշավը սկսվել է Չինաստանում 1979 թվականին։ Դրա նպատակն էր սահմանափակել բնակիչների թիվը։ 2013 թվականին երկրորդ երեխան լույս աշխարհ բերել թույլ են տվել այն զույգերին, որոնցում ամուսիններից մեկը եղել է ընտանիքի միակ երեխան, որոշ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ մի շարք նահանգների գյուղացիներին, եթե ընտանիքում ծնված առաջին երեխան աղջիկ է եղել:
Մինչդեռ համավարակի ֆոնին չինական հիվանդանոցները վերջին ամիսներին լեփ-լեցուն են, դիակիզարանները չեն կարողանում հաղթահարել դիակների այրումը։ Պաշտոնական թվերը վաղուց չեն արտացոլում ՉԺՀ-ում համավարակի իրական մասշտաբները, նշում է գործակալությունը։ Փորձագետների գնահատմամբ՝ Չինաստանում COVID-19-ից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել։




























