Ալյասկայում ուրբաթ երեկոյան շենք է փլուզվել. զոհվել է մեկ մարդ, կան տուժածներ:
Անքորիջի հրշեջ ծառայությունը հաստատել է մեկ մարդու մահը շենքի փլուզումից հետո, որտեղ գտնվում էր Turnagain CrossFit մարզադահլիճը, հաղորդում է Anchorage Daily News-ը:
Անքորիջի քաղաքապետ Դեյվ Բրոնսոնը Twitter-ում գրել է, որ Անքորիջի հրշեջ ծառայությունը եւ ոստիկանության վարչությունը արձագանքել են 17:25-ին շենքի փլուզման մասին հաղորդագրություններին:
Հրշեջ ծառայության պետի օգնական Բրայան Փարչը հայտնել է, որ ավելի քան 10 մարդ ներսում է եղել, երբ շենքը փլուզվել է, եւ երեքը հայտնվել են Օլդ-Սյուարդ-հայվեյից դեպի արեւելք գտնվող կառույցի տակ։
Փարչի խոսքով՝ հրշեջները շենքի ներսում հայտնաբերել են մեկ մարդու, որը ողջ է եղել, նրան հոսպիտալացրել են։
Շենքի փլուզման պատճառները չեն նշվում։





























