Tesla էլեկտրական մեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղեւորը ծանր վիրավորվել է, երբ մեքենան մխրճվել է Հյուսիսային Կալիֆորնիայի ավտոմայրուղու վրա կայանված հրշեջ մեքենայի մեջ, հայտնում է ABC News-ը՝ հղում տալով հրշեջ ծառայությանը։

Կոնտրա Կոստա շրջանի հրշեջների ղեկավարի օգնական Թրեյսի Դաթերն ասել է, որ հրշեջ մեքենայում գտնվող չորս հրշեջները թեթեւ վնասվածքների համար բժշկական օգնություն են ստացել:

Դաթերը հայտնել է նաեւ, որ մեքենայի վարորդը տեղում մահացել է։

Վիրավոր ուղեւորին հանելու համար հարկ է եղել բացել մեքենան։

Կալիֆորնիայի մայրուղու պարեկային ծառայության աշխատակից Ադամ Լեյնը նշել է, որ պարզ չէ արդյո՞ք վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, թե՞ Tesla Model S-ը ընթացել է մեքենայական վարման ռեժիմով։

Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը հետաքննում է, թե ինչպես է Tesla Autopilot համակարգը հայտնաբերում եւ արձագանքում մայրուղիներում կայանված վթարային մեքենաները: Նախկինում առնվազն 14 Tesla մեքենա համակարգն օգտագործելիս բախվել են շտապօգնության մեքենաներին: