13 տարվա ընթացքում ռեկորդային թվով միլիարդատերեր լքել են Նորվեգիան՝ հարուստների համար հարկի բարձրացման պատճառով, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով նորվեգական Dagens Naeringsliv թերթի ուսումնասիրությունը, որում ասվում է, որ անցած տարի Նորվեգիան լքել են ավելի քան 30 միլիարդատերեր եւ մուլտիմիլիոնատերեր:
Այժմ Նորվեգիայում գերհարուստ մարդիկ պետք է 0,7 տոկոս մունիցիպալ հարկ վճարեն գույքի համար, որի արժեքը գերազանցում է 1,7 մլն նորվեգական կրոնը (162 հազար դոլար) ֆիզիկական անձանց համար կամ 3,4 մլն նորվեգական կրոն (324 հազար դոլար) ընտանեկան զույգերի համար: Բացի այդ, ունեւոր մարդիկ պետք է 0,4 տոկոսի չափով պետական հարկ վճարեն՝ ֆիզիկական անձանց համար ավելի քան 20 մլն նորվեգական կրոն (1,91 մլն դոլար) եւ 40 մլն նորվեգական կրոն (3,8 մլն դոլար)՝ ամուսնական զույգերի համար:
Գույքահարկի առավելագույն չափը նախորդ տարի աճել է 1.1 տոկոսով։ Նորվեգիայի Բիզնես դպրոցի պատվավոր պրոֆեսոր Օլե Գյեմս-Օնստադի գնահատմամբ՝ անցյալ տարի Նորվեգիան հարկի պատճառով լքածների միագումար կարողությունը կազմում է ավելի քան 600 մլրդ նորվեգական կրոն (57 մլրդ դոլար): Նորվեգացի միլիարդատերերից եւ մուլտիմիլիոնատերերից շատերը տեղափոխվել են Շվեյցարիա։ Օրինակ, նման քայլ է արել Քյել Ինգե Ռեկկեն։ Forbes Real-Time-ը նրա կարողությունը գնահատել է 5,1 միլիարդ դոլար ապրիլի 10-ի դրությամբ:





























