Կուբայի վարկային կազմակերպությունները նորից սկսել են ամերիկյան կանխիկ դոլար ընդունել հաճախորդների հաշիվներին փոխանցելու համար։ Այս մասին գրել է Granma թերթը՝ հղում կատարելով Կուբայի կենտրոնական բանկի հաղորդագրությանը։

«Այս պահից ֆինանսական եւ բանկային հաստատությունները կընդունեն ԱՄՆ դոլարով դրամական ավանդներ բանկային հաշիվներում, իսկ այդ արժույթի ընդունումը շուկայում օտարերկրյա արժույթի առքուվաճառքի գործողությունների համար կմնա նախկինը»,- ասել են կենտրոնական բանկում։

Ինչպես նշել են Կուբայի կենտրոնական բանկում,  իշխանություններն այդ քայլին դիմել են ԱՄՆ-ի կողմից շարունակվող ճնշման պայմաններում։ Դոլարների ընդունումն սկսելուն նպաստել են «զբոսաշրջության վերակենդանացումն ու արտադրական գործունեության աստիճանական վերսկսումը»։

Կուբայում բանկերը կանխիկ դոլարի ընդունումը դադարեցրել էին 2021թ. հունիսին։